
Ճապոնիայի Հյուսիսային տարածքների գործերով նախարարը մտադիր է այցելել Կուրիլյան կղզիներ. NHK

Ճապոնական NHK հեռուստաալիքի փոխանցմամբ՝ Ճապոնիայի Հյուսիսային տարածքների (Կուրիլյան կղզիներ) գործերով նախարարը մտադիր է այս տարվա սեպտեմբերի 19-23-ն ընկած ժամանակահատվածում այցելել Կուրիլյան Կունաշիր և Իտուրուպ կղզիներ:
Այս մասին հեռուստաալիքին հայտնել են Ճապոնիայի կառավարական շրջանակներում նրա ունեցած աղբյուրները, որոնց խոսքերով՝ նախարարը մասնակցելու է ոչ վիզային փոխանակման ծրագրին, որը Կուրիլյան կղզիների նախկին ճապոնացի բնակիչներին հնարավորություն կտա այցելել այն վայրեր, ուր նրանք բնակվել են նախկինում:
Պաշտոնապես այս այցը չի հաստատվել: Ենթադրվում է, որ այցի ընթացքում նախարարը ծանոթանալու է կղզիների ենթակառուցվածքների հետ, ինչպես նաև հանդիպելու է տեղաբնակների հետ: Հեռուստաալիքն ընդգծում է, որ եթե այդ այցը տեղի ունենա, ապա դա կդառնա ճապոնացի գործող նախարարի առաջին այցը Կուրիլյան կղզիներ վերջին 8 տարվա ընթացքում:
Ճապոնացի քաղաքական բարձրաստիճան գործչի նախորդ այցը կայացել է 2005 թվականին, երբ Կուրիլյան կղզիներ այցելեց Հյուսիսային տարածքների ու Օկինավայի հարցերով նախարար Յուրիկո Կոիկեն: