Մոտ 11 միլիոն ապօրինի ներգաղթյալին քաղաքացիություն տալը լուրջ ներդրում կլինի ԱՄՆ տնտեսության համար
Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԱՄՆ-ում բնակվող մոտ 11 միլիոն ապօրինի ներգաղթյալների օրինականացումը կհանգեցնի նրան, որ 10 տարում երկրի ՀՆԱ-ն կաճի 1.4 տրիլիոն դոլարով: Այս մասին նշված է Սպիտակ տան տարածած հետազոտությունում:
Օրինագիծը, որն ապօրինի ներգաղթյալներին հնարավորություն է տալիս աստիճանաբար ստանալ ԱՄՆ-ի քաղաքացիություն, հավանության է արժանացել Սենատի կողմից, սակայն խնդիրների է բախվել Ներկայացուցիչների պալատում:
Զեկույցում նշված է, որ ներկայումս ապօրինի ներգաղթյալները ստանում են շատ ավելի ցածր աշխատավարձ և վճարում են շատ ավելի քիչ հարկեր, քան պետք է վճարեն, ինչը նվազեցնում է նրանց ներդրումն ԱՄՆ տնտեսության մեջ:
Եթե նրանց տրվի ԱՄՆ-ի քաղաքացիություն, կբարձրանա նրանց աշխատավարձը, ինչն էլ ԱՄՆ-ի ՀՆԱ-ն 10 տարում կավելացնի 1.4 տրիլիոն դոլարով, ամերիկացիների ընդհանուր եկամուտը կաճի 791 միլիարդ դոլարով, դաշնային հարկերն ու նահանգների հարկերը կաճեն հավելյալ 184 միլիարդ դոլարով, տնտեսության մեջ ներգրավված աշխատող ձեռքերը կավելանան 2 միլիոնով: