
Հ. Հարությունյանի փաստաբանն արգելել է հարազատներին գնալ Մոսկվա. «Ասում ա՝ զոհվածների հարազատները բարկացած են ու մեզ տեսնելով՝ ավելի կբորբոքվի իրավիճակը»

Պոդոլսկում տեղի ունեցած խոշոր ավտովթարի գործով կալանավորված բեռնատար ավտոմեքենայի վարորդ, ՀՀ քաղաքացի Հրաչյա Հարությունյանի կինը դժվարանում է խոսել ռուսական դատական համակարգի արդարության մասին: Ի պատասխան 168.am-ի հարցին, թե հավատո՞ւմ եք, որ ՌԴ դատարանը կարդարացնի Հրաչյա Հարությունյանին, տիկին Անահիտը պատասխանեց. «Չեմ կարող ասել: Դե որ 18 հոգի մահացել է, վախենալու է: Չգիտեմ հաստատ ոնց կընդունեն, ինչ կանեն, դատը ոնց կընթանա»:
Նա փոխանցեց, որ Հրաչյայի հետ խոսել իրենց չի հաջողվել, բայց փաստաբանն իրենց հայտնել է, թե ամուսնուն նվազագույնը 5 տարվա ազատազրկում է սպասվում, ապա հորդորել է սպասել մինչև դատական գործընթացի ավարտը. «Ասեց, որ ՌԴ-ում դժվար, բայց եթե բերեն Հայաստան՝ դատից հետո կարողա արդարացնեն կամ ավելի քիչ տան: Դե փաստաբանը ասեց, որ ամեն բան չի կարող ասել, որ գաղտնիքներ կան, որոնք հրապարակման համար չեն, դրա համար մեզ էլ ամեն ինչ չի ասում, մենակ ասել է` սպասենք: Մենք էլ նստած՝ սպասում ենք, որ ամեն ինչ լավ կլինի»:
Մեր հարցին, թե Ռուսաստան մեկնելու և դատական նիստերին մասնակցելու մտադրություն ունե՞ք, Հրաչյայի կինը դրական պատասխան տվեց` նշելով. «Բա ոնց չունենք: Շատ կուզենայինք մեկնել: Ուզում էինք մեծ սիրով գնալ, բայց փաստաբանը արգելեց, ասեց՝ մանավանդ դատի ժամանակ պետք չի գնալ: Դե ասում է, որ զոհվածների հարազատները, ընտանիքնի անդամները բարկացած են ու մեզ տեսնելով՝ ավելի կբորբոքվի իրավիճակը: Փաստաբանն ասեց, որ կրակի վրա բենզին լցնել պետք չի, թող հանդարտվեն: Տենց ասում ա, եթե մենք գնանք, կարողա մեր ներկայությամբ վատացնենք ամեն ինչ»: