Յուրի Վարդանյանը կրկին գումար է խնդրում՝ այս անգամ 29 միլիոն
2013 թվականի սեպտեմբերի 6-ից մինչև 15-ը Ֆրանսիայի Նիս քաղաքում անցկացվելիք ֆրանկոֆոնյան խաղերին կմասնակցի նաև հայկական թիմը: Այս նպատակով ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությանը 2013 թ. ինն ամսում նախատեսվում է հատկացնել 29 մլն 528.2 հազ. դրամ: Այդ գումարից 849.2 հազ. դրամը կհատկացվի Հայաստանի սեղանի թենիսի ֆեդերացիային, 3 մլն 396.6 հազ. դրամը՝ Հայաստանի աթլետիկայի ֆեդերացիային, 1 մլն 132.2 հազ. դրամը՝ Հայաստանի ձյուդոյի ֆեդերացիային, 1 մլն 981.3 հազ. դրամը՝ Հայաստանի հեծանվային մարզաձևերի ֆեդերացիային, և 2 մլն 830.5 հազ. դրամը՝ ՀՀ ըմբշամարտի ֆեդերացիային, իսկ ֆրանկաֆոնիայի խաղերին մասնակցելու նպատակով խաղերի գրանցման վճարը փոխհատուցելու նպատակով Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեին ՀՀ կառավարության պահուստային ֆոնդի հաշվին կտրամադրվի 485.6 հազ. դրամ:
ՀՀ կառավարության օգոստոսի 15-ի նիստում սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Յուրի Վարդանյանը կներկայացնի որոշման նախագիծը: Նաև նախատեսվում է Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի պետական մարմնի հիմնադրման 90-ամյակին նվիրված միջոցառումների պատշաճ կազմակերպումն ապահովելու համար ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությանը 2013 թվականի ինն ամսում հատկացնել 3 մլն 174.8 հազ. դրամ:
Նախարարությունը 2013 թվականը հայտարարել է հոբելյանական՝ նվիրված Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի պետական մարմնի հիմնադրման 90-ամյակին: Այս առիթով նախատեսվում է կազմակերպել ՀՀ պատանեկան 1-ին ամառային մարզական խաղերը, որն անցկացվելու է Հայաստանի բոլոր մարզերում: Նախարարության կողմից ավանդաբար իրականացվող ՀՀ նախագահի մրցանակի համար «Լավագույն մարզական ընտանիք», «Լավագույն մարզական բակ», Լավագույն մարզական համայնք» միջոցառումները նույնպես նվիրվելու են 90-ամյակին։ Նախատեսվում է նաև 2013 թվականին կազմակերպել հաշմանդամային մարզաձևերի հանրապետական առաջնություն, որը դարձյալ նվիրված է լինելու Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի պետական մարմնի հիմնադրման 90 ամյակին: