
Լորուտ գյուղի գյուղապետ. Խոզերի անկումը սովորական է դարձել

Լոռու մարզի Լորուտ համայնքում արդեն երկար ժամանակ է` լուրեր են շրջանառվում խոզերի անկումների վերաբերյալ: Գյուղապետ Հրաչյա Սահակյանը 168.am-ի հետ զրույցում նշեց, որ խոզերի անկումներ գյուղում միշտ էլ եղել են. «Գարնանից սկսած՝ մինչ օրս էլ սատկում են, մենք դրանց ուշադրություն չենք դարձնում, քանի որ սովորական է դարձել»,- ասաց նա:
Գյուղապետի փոխանցմամբ՝ վերջին մեկ ամսում դեպքերը ավելացել են. «Մոտ 30-40 անկված խոզի մասին է խոսակցություն գնում, համայնքի ղեկավարին պաշտոնապես ոչ ոք չի դիմել, որ իր խոզը սատկել է»,-ասաց նա՝ ավելացնելով, որ անկված կենդանիներից նաև փորձանմուշներ են վերցվել, ինչի արդյունքում, ըստ գյուղապետի՝ հերքվել են խոզերի աֆրիկյան ժանտախտ հիվանդության մասին լուրերը: «Անալիզներ են վերցրել, ասին՝ սովորական չումա է…»,- ասաց նա:
Թումանյանի տարածաշրջանի 1100 բնակիչ ունեցող Լորուտ համայնքի հիմնական զբաղվածությունը անասնապահությունն է: Վերջին տարիներին, երբ տարածաշրջանում աֆրիկյան ժանտախտ հիվանդության մեծ բռնկում եղավ, շատերը դադարեցին խոզաբուծությամբ զբաղվել, այժմ զբաղվում են հիմնականում խոշոր եղջերավոր անասուններ պահելով: