Երևանի կենտրոնում ոչնչանում են արվեստի գործեր
Այսօր՝ օգոստոսի 12-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Մինչ Կառավարությունը, Երևանի քաղաքապետարանն ու տեղական չինովնիկները հայտարարում են, թե Երևանը դարձնելու են թանգարան՝ բաց երկնքի տակ, հերթական արհեստանոցն է ոչնչացվում՝ չինովնիկների աչքի առաջ: Ինչպես shamshyan.com-ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ճանաչված քանդակագործ Ռաֆիկ Սարգսյանի արվեստանոցը, որը գտնվում է Կենտրոն վարչական շրջանի Սարյան 20/1 շենքի 3-րդ մուտքի նկուղային հարկում, ամբողջովին լցվել է ջրով: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ մեղավորը Կենտրոն վարչական շրջանի «Ջրմուղ կոյուղի» ընկերության ներկայացուցիչներն են: Ռ. Սարգսյանը 1980 թվականից նկարիչների միության անդամ է և հայտնի է որպես Հարավ Արևմտյան թաղամասում տեղադրված զորավար Անդրանիկի արձանի քանդակագործ: Ջրհեղեղի վերածված արհեստանոցում են պահվում քանդակագործի 30 տարվա աշխատանքներն ու էսքիզները: Երկար սպասումներից հետո Ջրմուղի աշխատակիցները եկան, մաքրեցին չմաքրված կոյուղին ու շտապ հեռացան, սակայն ինչ օգուտ, երբ արվեստանոցն արդեն 1 մետր ջրի տակ է հայտնվել: Ջրմուղի աշխատակիցը նեղսրտում էր, որ իրենք չունեն համապատասխան մեքենա՝ ջուրը արտանետելու համար, իսկ եթե քանդագագործը համաձայնվի, կարող են նրան հեռախոսահամար տալ և մարդիկ կգան ու համապատասխան գումարով կկատարեն այդ աշխատանք: Ի դեպ՝ կուտակված ջուրը լուրջ վտանգ է սպառնում նաև բարձրահարկ շենքի հիմքին: Քանդակագործը հայտնեց նաև, որ ահազանգել է ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության 9-11 ծառայություն, սակայն այնտեղից ոչ մի օգնություն չի ստացել:
Լուսանկարնը՝ Լևոն Ամիրզյանի
Մանրամասները՝ shamshyan.com-ում