
Հայկ Ալումյանը կասկածում է, որ մինչ փորձաքննությունը Սուրեն Խաչատրյանի տան մոտ փոփոխություններ են կատարվել

Արտակ Բուդաղյանի փաստաբան Հայկ Ալումյանի միջնորդությունը Սուրեն Խաչատրյանի տան մոտ հայտնաբերված գնդակի հետքերի կրկնակի փորձաքննություն նշանակելու վերաբերյալ բավարարվել է: ԳԱԼԱ-ն փաստաբանից փորձել է ճշտել, թե որո՞նք են եղել հիմքերը, որ վերջինս կրկնակի փորձաքննության անհրաժեշտություն է տեսել, սակայն փաստաբանը նշեց, որ չի կարող պատասխանել հարցին, քանի որ դրանով կբացահայտի նախաքննական գաղտնիք: Ու քանի որ փաստաբանը չի կարող ասել, թե ինչ է նշված եղել փորձաքննության արդյունքներում, չի կարող նաև դրանցում առկա հակասություններին անդրադառնալ:
«Պարզապես կարող եմ ասել, որ փորձագետի եզրակացությունը շատ կասկածելի էր, ուստի միջնորդել ենք կրկնակի փորձաքննություն նշանակել, որը քննիչի կողմից բավարարվել է: Միջնորդել ենք նաև, որպեսզի ես ներկա գտնվեմ կրկնակի փորձաքննության կատարմանը, որը նույնպես բավարարվել է»,- նշում է փաստաբանը:
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ թե՛ Հայկ Ալումյանը, և թե՛ Սուրեն Խաչատրյանի որդու փաստաբան Ռուբեն Սահակյանը ԳԱԼԱ-ի հետ զրույցում դժգոհություն էին հայտնել դեպքի վայրը զննած քննիչի գործողություններից, Ալումյանից կայքի թղթակիցը փորձել է ճշտել, թե որքանո՞վ կրկնակի փորձաքննություն նշանակելու մասին իր միջնորդությունը կապ ունի դեպքի վայրը զննած քննիչի գործողությունների հետ: Պարոն Ալումյանը պատասխանել է, թե չի բացառում, որ քննիչի կողմից դեպքի վայրը զննելուց հետո` մինչ փորձաքննություն կատարելը, դեպքի վայրի նշված հատվածում փոփոխություններ տեղի ունեցած լինեն:
«Այ այդտեղ ես շատ կասկածելի բաներ եմ տեսնում և չեմ բացառում, որ քննիչի կողմից դեպքի վայրում որոշակի փոփոխություններ կատարված լինեին»,- կասկած է հայտնում փաստաբանն ու հավելում, որ իր միջնորդության հիմքերից մեկն էլ այն է, որ դա կարող է պարզվել: