«Մինչև էրեխուն չտենանք, կարա՞նք ասենք, որ լավ ա վիճակը». հայ-ադրբեջանական սահմանը հատած զինվորի հարազատները դեռևս նորություն չունեն
«Հակոբ Ինջիղուլյանից նորություն չունենք, մենք Ադրբեջանի հետ ուղիղ կապ չունենք, մեր կապն Ադրբեջանի հետ միայն ու միայն Կարմիր խաչի միջոցով է, նախարարությունն արդեն մի քանի անգամ դիմել է Կարմիր խաչին»,- ԳԱԼԱ-ի հետ զրույցում՝ խոսելով Ադրբեջանում գերի ընկած հայ զինվոր Հակոբ Ինջիղուլյանի մասին, նման կարծիք է հայտնել ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը:
Ինչ վերաբերում է Կարմիր խաչի միջազգային կոմիտեին, ապա այնտեղից պատասխանեցին, որ Կարմիր խաչի և Հակոբ Ինջիղուլյանի միջև հանդիպում չի եղել, քանի որ այդ հանդիպումը կազմակերպելը ինքնին բարդ գործընթաց է, սակայն իրենք անընդհատ կապ են պաշտպանում Ադրբեջանի Կարմիր խաչի հետ:
Կայքը զրույցել է նաև Հակոբի հայրիկի՝ Գևորգի հորեղբորորդու՝ Նորայր Ինջիղուլյանի հետ, ով նշել է, որ Հակոբից որևէ նորություն չունեն. «Կարմիր խաչ ուրբաթ օրն ենք գնացել, ասել են աշխատանքային օրեր չեն, ոչինչ չենք կարող անել, դուք անհանգիստ մի եղեք, մենք կզանգենք, նորություն եղավ կասենք, հլա որ չեն զանգել, ասել են նորություն լինի` կկանչենք, կգան: Առողջական վիճակի հետ կապված ասում են նորմալ է, բայց ինչ իմանանք` նորմա՞լ ա, թե չէ, հո չենք անձամբ տեսել, զանգում են Ադրբեջանի Կարմիր խաչին, ասում են` նորմալ ա, բայց մինչև չտեսնենք, չենք կարող ասել, մինչև էրեխուն չտենանք` կարա՞նք ասենք, որ լավ ա վիճակը»:
Ինչ վերաբերում է Հակոբի տեսողության հետ կապված խնդիրներին, նա նշել է.
«Ակնոց ա կրել, կամիսիան անցել ա, գնացել բանակ, նորմալ ծառայել տարի երկու ամիս, ոչ մի պրոբլեմ չի եղել, օտպուսկ ա եկել: Ծնողներն ընկճված վիճակում են, ամեն րոպե սպասում են, որ երեխան Ադրբեջանում ա, ի՞նչ վիճակում պետք է լինեն»: