
«Հայազն» կուսակցությունը Արցախում կազմակերպել է երկրորդ վրանային Բանակումի ծրագիրը

Օգոստոսի 1-ին մեկնարկեց Արցախում «Հայազն» կուսակցության կողմից կազմակերպված երկրորդ վրանային Բանակումի ծրագիրը: Բանակումին մասնակցեցին շուրջ չորս տասնյակ երիտասարդներ: Առաջին օրը ճամբարականները այցելեցին Շուշի, որտեղ Արցախի ինքնապաշտպանական ուժերի առաջին հրամանատար Արկադի Կարապետյանը՝ Ագոն, երիտասարդներին ներկայացրեց Շուշիի ազատագրման գործողությունը, պատասխանեց նրանց հարցերին: Այնուհետև, ճամբարականները շարժվեցին դեպի բանակավայր՝ Քաշաթաղի Խաչինտափ գյուղ:
Բանակման ընթացքում տեղի ունեցան բազմաթիվ քննարկումներ «Հայազնի» հետագա գործունեության, ազգային-ազատագրական և ազգային-հեղափոխական ռազմավարության և մարտավարության շուրջ: Անցկացվեցին ճամբարականների ֆիզիկական և հոգեբանական պատրաստվածությանը նպաստող միջոցառումներ: Ճամբարականներին այցելեցին վերլուծաբան Տիգրան Կյուրեղյանը, Քաշաթաղի շրջանի Վերաբնակեցման վարչության պետ Ռոբերտ Մաթևոսյանը, Արցախյան Պատերազմի հրամանատար Արարատ Ծատուրյանը, Քաշաթաղի վարչակազմի ու Արցախի այլ պաշտոնյաներ, ինչպես նաև բազմաթիվ վերաբնակիչներ, հյուրեր արտերկրից: Օգոստոսի 7-ին բանակավայրում կազմակերպվեց հիշատակի երեկո՝ նվիրված ԱՍԱԼԱ-ի նահատակների օրվան: Երկրորդ բանակումը ավարտեց իր աշխատանքը օգոստոսի 9-ին:
«Հայազն» կուսակցության մամուլի ծառայություն