Բաժիններ՝

ԲՀԿ-ական քաղաքապետը դեմ է գնում Գագիկ Ծառուկյանին

Մինչ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը հայտարարում է, որ իր շնորհիվ Հայաստանում ու հիմնականում մարզերում ավելանալու է մարզական դահլիճների ու խաղահրապարակների թիվը, իր կուսակցության անդամ, Իջևանի քաղաքապետ Վարդան Ղալումյանը քաղաքի Անկախության փողոցի վրա դեռ ԽՍՀՄ տարիներից գործող Սպորտի դպրոցի սպորտային հրապարակը վերածել է շուկայի: Երեկ՝ օգոստոսի 11-ին, Իջևանում ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի հետ զրույցում շուկայի մոտ հավաքվածները հայտնում էին, որ իրենց բերել են այս տարածք ու ասում են, որ պետք է այսուհետ գյուղատնտեսական իրենց ապրանքները վաճառեն այստեղ, սակայն տարածքը չունի սանհանգույց ու, բնական կարիքներն էլ մարդիկ չգիտեն, թե որտեղ հոգան: Իջևանցիները հայտնում էին նաև, որ տարածքը անօրինական է օգտագործվում՝ որպես շուկա, քանի որ չունի լիցենզիա: Նրանք խնդրում էին, որպեսզի այդ մասին իմանա Գագիկ Ծառուկյանը, ով, գուցե, միջոցներ ձեռնարկի. սպորտային դպրոցն ու նրա հարակից հրապարակը բարեկարգվի և այն ծառայի բուն նպատակին: Այն, որ նախկին շուկայի տարածքն էլ չի փայլում իր սանիտարահիգիենիկ պայմաններով, դա նույնպես նշեցին զրուցակիցները: Իջևանցիները հայտնում էին նաև, որ քաղաքապետը այդ քայլով դեմ է գնում Գագիկ Ծառուկյանին, որովհետև իրենք, հավատալով Գ. Ծառուկյանին, որ իր խոսքը գործ է, ընտրել են Վ. Ղալումյանին, քանի որ Ծառուկյանը խոստացել էր, որ Իջևանում զարկ է տալու սպորտի զարգացմանը:

Լուսանկարը՝ Գագիկ Շամշյանի

shamshyan.com

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս