
Քրդերը տոնել են Թուրքիայում PKK-ի իրականացրած առաջին հարձակման 29-ամյակը (տեսանյութ)

Թուրքական Dünya Bülteni լրատվական կենտրոնի փոխանցմամբ՝ հազարավոր մարդիկ երեկ երեկոյան բարձրացել են Քաթո լեռան գագաթը, որը գտնվում է Իրաքին ու Սիրիային սահմանակից Շըրնաքի նահանգի Բեյթուշեբափ շրջանի մոտ:
Նրանք ջահերով ու երաժշտական խմբով բարձրացել են լեռը և նշել են Թուրքիայում PKK-ի իրականացրած առաջին հարձակման 29-ամյակը: Տոնակատարությունը շարունակվել է մինչև առավոտ: Բացի այդ, բեյթուշեբափցիները վառել են Ափո (PKK-ի հիմնադիր Աբդուլլահ Օջալանի մականունը) անունը պատկերող մեծ խարույկ:
Նշվում է, որ PKK-ի զինյալները 1984 թվականի օգոստոսի 15-ին իրականացրել են իրենց առաջին զինված հարձակումը Թուրքիայում: Միաժամանակ հարվածներ են հասցվել Սիիրթ (Սղերթ) նահանգի Էրոհ և Հաքքարի նահանգի Շեմդինլի շրջաններում, ինչի հետևանքով վիրավորվել է 9 զինծառայող և 3 քաղաքացի: Հարձակումից հետո PKK-ի զինյալները քաշվել են Հյուսիսային Իրաք: