«Ալ-Քաիդան» ստանձնել է ավելի քան 60 մարդու կյանք խլած Բաղդադի վերջին պայթյունների պատասխանատվությունը
BBC-ի փոխանցմամբ՝ «Ալ-Քաիդայի» կազմի մեջ մտնող «Իրաքի ու Լևանտայի Իսլամական պետություն» արմատական խմբավորումը ստանձնել է օգոստոսի 10-ին Բաղդադում գրանցված պայթյունների պատասխանատվությունը:
Զինյալների խոսքերով՝ հարձակումները դարձել են կառավարական զորքերի կողմից ձեռնարկված անվտանգության ապահովման գործողությունների պատասխանը: Օգոստոսի 10-ին Բաղդադի մի շարք շրջաններում Ռամադան ամսվա ավարտը տոնելիս պայթեցվել են պայթուցիկով լեցուն մի շարք ավտոմեքենաներ:
Դրանք իրականացվել են շուկաների, սրճարանների ու ռեստորանների մոտակայքում, ուր մարդիկ նշել են Ռամադանի ավարտը: Պայթյունների հետևանքով՝ զոհվել է ավելի քան 60 և վիրավորվել է առնվազն 200 մարդ:
Ավելի վաղ ԱՄՆ պետդեպարտամենտը հայտարարել էր, որ վերջին երեք ամսվա ընթացքում Իրաքում գրանցված պայթյունների մեծ մասն իրականցրել է «Ալ-Քաիդան Իրաքում» կազմակերպությունը՝ Աբու Բաքր ալ-Բաղդադիի գլխավորությամբ, որի գտնվելու մասին տեղեկատվություն հայտնելու համար սահմանված է 10 միլիոն դոլար: