
Իսրայելն այս շաբաթ բանտերից կազատի պաղեստինցիների առաջին խմբին

Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ իսրայելցի նախարարները երեկ հաստատել են համաներման տակ ընկած պաղեստինցի 26 բանտարկյալի ցուցակը, ինչը նոր ազդակ կհաղորդի վերսկսված տարածաշրջանային խաղաղության գործընթացին:
Պաղեստինցի բանտարկյալներն իրենց տներ կվերադառնան այս շաբաթ՝ դրանով իսկ դառնալով այն 104 մարդկանց առաջին խումբը, որոնց վաղաժամ ազատելու խոստում են տվել Իսրայելի իշխանությունները՝ որպես պաղեստինյան ղեկավարությանը հասցեագրած բարի կամքի դրսևորում:
Ազատ արձակված 26 պաղեստինցիներից 14-ը կուղարկվի Գազայի հատված, իսկ 12-ը՝ Հորդանան գետի Արևմտյան ափ: Համաներման տակ են ընկնում այն պաղեստինցիները, որոնք իսրայելական բանտերում են հայտնվել մինչև 1993 թվականը, երբ Նորվեգիայի մայրաքաղաք Օսլոյում հակամարտող կողմերը ճանաչեցին միմյանց և ստորագրեցին նախնական խաղաղ պայմանավորվածություններ:
Միևնույն ժամանակ Իսրայելի շինարարության նախարար Ուրի Արիելը երեկ հաստատել է (վիճելի տարածքների) հրեական բնակավայրերում 1200 «միասնական բնակատեղիի» կառուցման պլանը, ինչն արվել է պաղեստինցիների հետ վերսկսված խաղաղության բանակցությունների հերթական փուլի սկսվելուց երեք օր առաջ: