Ժամկետային զինծառայողը մեղադրվում է ինքն իրեն վնասելու մեջ

Երևանի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում օգոստոսի 12-ին կշարունակվի ժամկետային զինծառայող Մ. Մ.-ի գործով դատական նիստը: Ինչպես տեղեկանում ենք datalex դատական տեղեկատվական համակարգից, Մ. Մ.-ին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա հանդիսանալով ՀՀ ՊՆ N զորամասի ժամկետային զինծառայող, կոչումով շարքային 2013-ի մայիսի 19-ից ստացիոնար բուժման մեջ է գտնվել ՀՀ ՊՆ կենտրոնոկան կլինիկական զինվորական հոսպիտալի նյարդաբանական բաժանմունքում: 2013-ի հունիսի 9-ին հիվանդասենյակի զուգարանում ծխախոտի ֆիլտրը այրելու եղանակով` կտրող հարմարանք սարքելով, իր աջ նախաբազկի շրջանում կատարել է քերծվածքներ, առողջությանը վնաս պատճառել, որը հանգեցրել է զինվորական ծառայության պարտականությունների ժամանակավորապես դադարեցնելուն:

1994-ին ծնված Մ. Մ.-ն հանձնվել է հրամանատարության հսկողությանը: Նա մեղադրվում է քրեական օրենսգրքի 363-րդ հոդվածի 1-ին մասով (զինծառայողի կողմից իր առողջությանը վնաս պատճառելը (անդամախեղելը), որը հանգեցրել է կամ կարող էր հանգեցնել զինվորական ծառայության կամ դրա առանձին պարտականությունների կատարումը ժամանակավորապես դադարեցնելուն, պատժվում է կալանքով՝ առավելագույնը երեք ամիս ժամկետով, կամ կարգապահական գումարտակում պահելով` առավելագույնը երեք տարի ժամկետով, կամ ազատազրկմամբ` առավելագույնը չորս տարի ժամկետով):

Տեսանյութեր

Լրահոս