Բաժիններ՝

Պուտինը հեռագիր է հղել սրտի վիրահատության ենթարկված Ջորջ Բուշ-կրտսերին

Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հեռագիր է հղել ԱՄՆ նախկին (2001-2009) նախագահ Ջորջ Բուշ-կրտսերին՝ մաղթելով շուտափույթ առողջացում օրեր առաջ իրականացված սրտի վիրահատությունից հետո: Այս մասին հայտնել է Կրեմլի մամլո ծառայությունը:

Նշվում է, որ 67-ամյա Ջորջ Բուշ-կրտսերը հետազոտվել է Դալլասի կլինիկաներից մեկում, ուր և ի հայտ է եկել, որ նա կարիք ունի սրտի վիրահատության, ինչն էլ իրականացվել է Թեքսասում: ԱՄՆ 43-րդ նախագահի վիրահատությունն անցել է առանց բարդությունների:

Վերջին ժամանակներս սրվել են ռուս-ամերիկյան հարաբերությունները՝ կապված Ռուսաստանի կողմից ամերիկյան ԿՀՎ-ի նախկին աշխատակից Էդվարդ Սնոուդենին ժամանակավոր (1 տարով) ապաստան տրամադրելու հետ: Դրա հետ կապված՝ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման չեղյալ հայտարարեց Մոսկվայում պլանավորած Վլադիմիր Պուտինի հետ երկկողմ հանդիպումը:

Միևնույն ժամանակ նա հաստատեց, որ մասնակցելու է ընթացիկ տարվա սեպտեմբերի 5-6-ին Սանկտ Պետերբուրգում կայանալիք G-20-ի գագաթաժողովին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս