Բաժիններ՝

Վենեսուելայի Գերագույն դատարանն օրինական է ճանաչել նախագահական ընտրությունների արդյունքները

Վենեսուելական El Universal թերթի փոխանցմամբ՝ Վենեսուելայի Գերագույն դատարանն օրինական է ճանաչել 2013 թվականի ապրիլին տեղի ունեցած նախագահական ընտրությունների արդյունքները:

Դրանով իսկ դատարանը մերժել է ընդդիմության կողմից առաջադրված նախագահի թեկնածու Հենրիկե Կապրիլեսի հայցը: Դատարանը վճռել է, որ ընդդիմությունը չի կարողացել ներկայացնել ընտրությունների ժամանակ կատարված խախտումների մասին բավականաչափ ծանրակշիռ ապացույցներ:

Բացի այդ, Գերագույն դատարանը մերժել է ընդդիմության ևս մեկ հայց՝ կապված նախագահի պաշտոնում Նիկոլաս Մադուրոյի ապօրինի ընտրվելու հետ: Ընդդիմադիրները վստահեցնում էին, որ Մադուրոն ծնվել է ոչ թե Վենեսուելայում, այլ՝ Կոլումբիայում, ինչի համար էլ նա կա՛մ պետք է ունենա Կոլումբիայի քաղաքացիություն, կա՛մ էլ երկքաղաքացիություն:

Տվյալ երկու դեպքերում էլ օրենքն իրավունք չի տալիս գլխավորել երկիրը: Մադուրոն քանիցս հերքել է այդ պնդումները, սակայն ոչ մի անգամ հրապարակավ չի ցուցադրել իր ծննդյան վկայականը:

Ապրիլին անցկացված նախագահական ընտրություններում Մադուրոն հավաքել է քվեների մոտ 51 տոկոսը՝ Կապրիլեսին գերազանցելով 2 տոկոսով (կամ մոտ 200.000 քվեով): Դրանից առաջ՝ մարտին, քաղցկեղից մահացել էր Վենեսուելայի նախագահ Ուգո Չավեսը, ով Մադուրոյին նախապես հռչակել էր որպես իր ժառանգորդ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս