Պոլիտեխնիկի ռեկտորը` վարձավճարների բարձրացման մասին (տեսանյութ)

Սեպտեմբեր ամսից հայաստանյան մի շարք բուհերում կբարձրանան ուսման վարձավճարները: Վարձավճարները կբարձրանան նաև ՀՀ պետական ճարտարագիտական համալսարանում (Պոլիտեխնիկ):

Այսօրվա քննարկման ժամանակ ՀՊՃՀ ռեկտոր Արա Ավետիսյանն ասաց, թե ուսման վարձավճարները Պոլիտեխնիկում կբարձրանան առավելագույնը մինչև 70.000 դրամով, իսկ նվազագույնը` 26.000 դրամով. Վարձավճարները կբարձրանան տարբերակված ձևով, այսինքն` բոլոր մասնագիտությունների ուսման վարձավճարները ստանդարտ ձևով չեն բարձրացվել:

Ըստ Ա. Ավետիսյանի`այդ գումարները չեն ուղղվելու պրոֆեսորադասախոսական կազմի աշխատավարձերի վրա: Նախատեսվում է առաջիկա ուսումնական տարում բուհում բացել 30-ից ավելի նոր լաբորատորիաներ, որոնք ապահովվելու են ավելի ժամանակակից և մոդեռն կրթություն: Լաբորատորիաների շահագործումը, ըստ ռեկտորի` ստեղծում է նաև  որոշակի ծախսեր` կոմունալ վճարներ, քանի որ կան սարքավորումներ, որոնց համար հատուկ ջերմաստիճանի վառարաններ են անհրաժեշտ, կամ պրոֆեսորադասախոսական կազմի վերապատրաստում նոր ծրագրերով և նոր տեխնիկայով, որպեսզի դասախոսները տիրապետեն դրանց և կարողանան սովորեցնել նաև ուսանողներին, և այլն:

«Պոլիտեխնիկն աշխատել է մինչ այս ունեցած տեխնիկային համապատասխան, այսինքն` որոշակի առումով հին սարքավորումներով: Սակայն եթե համեմատեք, օրինակ, ռադիոկապի հին և նոր լաբորատորիան, դրանք բոլորովին տարբեր են»,- ասաց Ա. Ավետիսյանը:

Կարդացեք նաև

Ըստ նրա՝ ինքը կարող է պատասխանել միայն Պոլիտեխնիկի ուսման վարձավճարների վերաբերյալ: Նրա խոսքով՝ յուրաքանչյուր բուհի ռեկտոր ինքը կարող է ավելի ճշգրիտ և հիմնավորված պատասխանել, թե ինչո՞ւ են բարձրացրել վարձավճարները:

«Ձեզ որտեղի՞ց է թվում, որ դուք այդ ծնողի կամ ՀՀ քաղաքացու կամ օժտված երեխայի մասին, որը սոցիալապես անապահով ընտանիքի երեխա է, ավելի շատ եք մտածում, քան Ավետիսյան Արան»,- ասաց ռեկտորը:

Մանրամասները` տեսանյութում:

Տեսանյութեր

Լրահոս