2013թ. Ճարտարագիտական համալսարանի մեկ մասնաշենքում կտեղակայվեն 34 լաբորատորիաներ և հայտնի ընկերությունների կենտրոնները
2013թ. մայիսին Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանում կգործի «Հայկական ազգային ճարտարագիտական լաբորատորիաներ (Armenian National Engineering Laboratories (ANEL))» նախադեպը չունեցող ծրագիրը: Ծրագրի արդյունքում՝ ՀՊՃՀ մի ամբողջ մասնաշենքում կգործեն 34 ուսումնահետազոտական լաբորատորիաներ, որոնք սկզբունքորեն կփակեն ճարտարագիտական ժամանակակից մասնագիտությունների ծրագրերով նախատեսված լաբորատոր կազմի խնդիրները:
Այդ լաբորատորիաները կտեղակայվեն ՀՊՃՀ 10-րդ մասնաշենքում, որի 6-րդ հարկում ներկայումս գործում է «Մայքրոսոֆթ» ինովացիոն կենտրոնը, իսկ 5-րդ հարկում կտեղակայվի նաև Nokia ընկերության հետ համատեղ բջջային լուծումների տարածաշրջանային լաբորատորիան: 2013թ. ծրագրերի մասին 168.am-ի հետ զրույցում պատմեց Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի ռեկտոր Արա Ավետիսյանը:
«Ամբողջ մասնաշենքն իր բոլոր հարկերով կլինի ուսումնահետազոտական կենտրոն և նորագույն տեխնոլոգիաների լաբորատորիա: Ներկայումս այս ուղղությամբ շինարարական աշխատանքներն արդեն սկսվել են»,- ասաց Ա. Ավետիսյանը: Բացի այդ, Պոլիտեխնիկում ստեղծվել է Շարունակական կրթության կենտրոն, որն իր մեջ ներառում է Microsoft ՏՏ ակադեմիան, Cisco ՏՏ ակադեմիան և Դասախոսների կատարելագործման կենտրոնը:
«Ընդհանրապես աշխարհում երկար կենսագրություն ունեցող և արդեն հաջողության հասած նման կազմակերպությունները շատ լավ գնահատում են, թե ո՞ւր են գնում: Նրանք գնում են ճիշտ ուղղությամբ՝ մասնագիտական հումքի վրա: Ամենակարևոր բաղադրիչը մեր մտավոր կապիտալն է, որը ձևավորված է ու արդեն հայտնի է դրսում»,- ասաց Ա. Ավետիսյանը:
Նրա խոսքով՝ Հայաստանն ունի գիտական ներուժ, սակայն կարևոր է ոչ միայն այդ հումքը, այլև դրա պիտանելիությունը, դրա արդյունավետության գործակիցը: Իսկ վերջին տարիներին, ճիշտ կազմակերպման արդյունքում, Հայաստանում լուրջ առաջընթաց է նկատվում տեխնոլոգիական ոլորտում: Նման ընկերությունները հենց այդ ամենը հաշվի առնելով էլ գալիս են Հայաստան: