Էլեկտրական ցանցերը կտուգանվի 5 միլիոն դրամով՝ արաբկիրցիներին հոսանքազրկելու համար
Այս տարվա հունիսի 13-ին Երևանի Արաբկիր վարչական տարածքում տեղի ունեցած էլեկտրամատակարարման արտապլանային ընդհատման արդյունքում բազմաթիվ սպառողներ ավելի քան 24 ժամ հոսանքազրկվել են, ինչը ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի որոշմամբ հաստատված էլեկտրական էներգիայի մատակարարման և օգտագործման կանոնների խախտում է: ՀԾԿՀ-ն հունիսի 18-ին «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲ ընկերության նկատմամբ հարուցել էր վարչական վարույթ:
ՀԷՑ-ից պարզաբանել են, որ հունիսի 13-ին Երևանում գտնվող ԲԵ-10 բաշխիչ ենթակայանը սնող մալուխների վթարային անջատումների և դրան հետևած բաշխիչ ցանցի տասը 6կՎ լարման մալուխների վնասման հետևանքով հոսանքազրկվել են մայրաքաղաքի Բաղրամյան, Թումանյան, Սարմենի, Մոսկովյան, Պլեխանովի, Թամանյան, Դեմիրճյան, Ալիխանյան, Զարուբյան և Անտառային փողոցներում բնակվող 3408 բաժանորդներ: Ընկերությունն ընդունել է իր կողմից թույլ տրված խախտման փաստը և հայտնել է, որ բոլոր սպառողները, որոնց էլեկտրամատակարարման արտապլանային ընդհատումը գերազանցել է սահմանված ժամկետները, կստանան փոխհատուցում:
ՀԾԿՀ-ն նախատեսում է վաղվա նիստում ՀԷՑ-ին տուգանել 5 միլիոն դրամ գումարի չափով: