
Վանաձորի մանկատան տնօրենը՝ երեխայի առուվաճառք կատարելու գործով վկա

Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ երեկ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության արագ հակազդման բաժնի օպերները Վանաձորում վնասազերծել են հանցավոր խմբի անդամների, որոնց կասկածում են երեխայի առքուվաճառքով զբաղվելու մեջ:
Այսօր ՀՀ ոստիկանությունը հաղորդագրություն էր տարածել, որում ասված է, թե ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության, կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչությունների, Երևան քաղաքի վարչության մետրոպոլիտենի պահպանության բաժնի և Լոռու մարզային վարչության ծառայողները օգոստոսի 5-ին, ժամը 18:20-ին, երեխայի առուվաճառք կատարելու կասկածանքով, Վանաձոր քաղաքի Տիգրան Մեծի պողոտայի թիվ 41 շենքի մոտից Լոռու մարզային վարչություն բերման են ենթարկել Աննա Է.-ին, 1961թ. ծնված Գեղեցիկ Վ.-ին, 1985թ. ծնված Սերինե Ա.-ին, իսկ Վանաձոր քաղաքի համալիրի մոտից` 1973թ. ծնված Նարեկ Ս.-ին և Վանաձոր քաղաքի Տիգրան Մեծի պողոտայում գտնվող հանրախանութի մոտից` 1955թ. ծնված Արշալույս Հ.-ին, որոնք, համաձայնության գալով օտարերկրյա քաղաքացուհի 1980թ. ծնված Ալլա Հ.-ի հետ, պայմանավորվել են 15.000 դոլարով վերջինիս վաճառել անչափահաս, 2009թ. ծնված Ռիմա Ա.-ին:
Ըստ ոստիկանության՝ պայմանավորվածության համաձայն` օգոստոսի 5-ին, Գեղեցիկ Վ.-ն երեխայի վաճառքի համար Ալլա Հ.-ից պահանջել և ստացել է 7000 դոլար, իսկ մնացած 8000 դոլարը, ըստ նախնական պայմանավորվածության, Ալլա Հ.-ն Գեղեցիկ Վ.-ին պետք է հանձներ մի քանի օրվա ընթացքում: Փաստի առթիվ ոստիկանության քննչական գլխավոր վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 168 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ: Աննա Է.-ն և Գեղեցիկ Վ.-ն ձերբակալված են:
Պարզվում է՝ ոստիկանության աշխատակիցների կողմից օգոստոսի 5-ին Վանաձոր քաղաքի Տիգրան Մեծի պողոտայում գտնվող հանրախանութի մոտից բերման ենթարկված 1955թ. ծնված Արշալույս Հ.-ն նույն ինքը՝ «Վանաձորի մանկատուն» ՊՈԱԿ-ի տնօրեն Արշալույս Հարությունյանն է, ում դեմ քրեական գործ էր հարուցվել նաև 2010թ. հունվարին՝ Քրեական օրենսգրքի 308 հոդվածի 1-ին մասով` մանկատան համար շուկայականից ընդհանուր առմամբ 3 մլն 4987 դրամ ավել գնով տարբեր տեսակի ապրանքներ, հիմնականում` սննդամթերք ձեռք բերելու համար: Վերջինիս անունը բազմիցս կապվել է տարբեր հանցագործությունների հետ:
168.am-ի հետ զրույցում Արշալույս Հարությունյանը հաստատել է, որ ոստիկանության հաղորդագրության մեջ նշված անձանցից մեկը ինքն է և իրեն ոստիկանության աշխատակիցները երեխայի առուվաճառք կատարելու կասկածանքով հրավիրվել է Կենտրոնական հանրախանութի շենքի մոտից ոստիկանության Լոռու մարզային վարչություն՝ որպես վկա: