ՀՀ մի խումբ քաղաքացիներ փորձել են 15 000 դոլարով վաճառել 4-ամյա երեխային
Ոստիկանության քրեական հետախուզության, կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչությունների, Երևան քաղաքի վարչության մետրոպոլիտենի պահպանության բաժնի և Լոռու մարզային վարչության ծառայողները օգոստոսի 5-ին, ժամը 18.20-ին, երեխայի առուվաճառք կատարելու կասկածանքով, Վանաձոր քաղաքի Տիգրան Մեծի պողոտայի թիվ 41 շենքի մոտից Լոռու մարզային վարչություն բերման են ենթարկել Աննա Է.-ին, 1961 թ. ծնված Գեղեցիկ Վ.-ին, 1985 թ. ծնված Սերինե Ա.-ին, իսկ Վանաձոր քաղաքի համալիրի մոտից` 1973 թ. ծնված Նարեկ Ս.-ին և Վանաձոր քաղաքի Տիգրան Մեծի պողոտայում գտնվող հանրախանութի մոտից` 1955 թ. ծնված Արշալույս Հ.-ին, որոնք, համաձայնության գալով օտարերկրյա քաղաքացուհի 1980 թ. ծնված Ալլա Հ.-ի հետ, պայմանավորվել են 15.000 դոլարով վերջինիս վաճառել անչափահաս, 2009 թ. ծնված Ռիմա Ա.-ին:
Պայմանավորվածության համաձայն` օգոստոսի 5-ին, Գեղեցիկ Վ.-ն երեխայի վաճառքի համար Ալլա Հ.-ից պահանջել և ստացել է 7.000 դոլար, իսկ մնացած 8.000 դոլարը, ըստ նախնական պայմանավորվածության, Ալլա Հ.-ն Գեղեցիկ Վ.-ին պետք է հանձներ մի քանի օրվա ընթացքում:
Փաստի առթիվ ոստիկանության քննչական գլխավոր վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 168 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:
Աննա Է.-ն և Գեղեցիկ Վ.-ն ձերբակալված են:
Կատարվում է նախաքննություն: