
Արարատի քաղաքապետը ի վիճակի չի՞ լինի աշխատել

Արարատ քաղաքում շրջանառվող լուրերի համաձայն, քաղաքապետ Աբրահամ Բաբայանը վատառողջ է, ի վիճակի չէ աշխատելու և արդեն հրաժարականի դիմում է ներկայացրել: Ի պատասխան 168.am-ի հարցմանը, Արարատի մարզպետարանի տեղական ինքնակառավարման և հանրապետական գործադիր մարմինների հարցերով վարչությունից ասացին, որ դիմում չի ներկայացվել կառավարություն: Արարատի քաղաքապետարանի աշխատակազմի ղեկավարը լսելով հարցը` նշեց, որ քաղաքապետը մի քանի օր է, ինչ աշխատանքի չի գալիս և խորհուրդ տվեց այդ հարցով դիմել տեղակալ` Մնացականյանին: Վերջինս էլ միանգամից հերքեց, որ քաղաքապետը անբուժելի հիվանդ է: «Մարդն արձակուրդ է, աշխատանքի չի գալիս, ի՞նչ եք խառնվել իրար»,-ասաց Մնացականյանը: Ի դեպ, կրկին պտտվող լուրերի համաձայն, Արարատի քաղաքապետ Աբրահամ Բաբայանի հիվանդության պատճառը նրա որդին է, որին վերեջերս կալանավորել են Ֆրանսիայում`թմրանյութերի շրջանառության գործով: Ըստ լուրերի` այդ մասին լսելուն պես Աբրահամ Բաբայանը ինսուլտ է ունեցել:
Արմեն Մկրտչյան