
Վրաստանն ու ՌԴ-ն աշնանը կարող են անցում կատարել հարաբերությունների կարգավորման 2-րդ փուլին. Աբաշիձե

Վրացական 1-ին հեռուստաալիքին տված հարցազրույցի ժամանակ Ռուսաստանի հետ հարաբերությունների կարգավորման գծով Վրաստանի վարչապետի հատուկ ներկայացուցիչ Զուրաբ Աբաշիձեն հայտարարել է, որ Վրաստանի ու Ռուսաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացում առաջընթացի գրանցման դեպքում կարող է սկսվել երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների վերականգնումը.
«Մեր ռուս գործընկերները հիանալի հասկանում են, որ ներկայիս իրավիճակում Վրաստանը չի գնա Ռուսաստանի հետ դիվանագիտական հարաբերությունների վերականգնմանը: Այդ քայլը համայն աշխարհում կընկալվի որպես նոր իրողության հետ մեր հաշտվում և այդ տարածքներից հրաժարում:
Դիվանագիտական հարաբերությունների վերականգնումը կարող է տեղի ունենալ որոշակի փուլում, եթե առաջխաղացում ապրի Ռուսաստանի հետ հարաբերությունների առողջացման գործընթացը, նկատվի որոշակի առաջընթաց, ձեռք բերվեն լուրջ բեկումներ:
Առաջին փուլը նախատեսում էր առևտրին,տրանսպորտին և տնտեսական հարաբերություններին առնչվող գործնական հարցերի լուծում: Վրաստանն ու Ռուսաստանն անցել են այս փուլը: Հնարավոր է, որ սեպտեմբեր-հոկտեմբերին մենք անցում կկատարենք երկրորդ փուլին, քանի որ մենք պետք է սկսենք քննել առավել լուրջ թեմաներ:
Այդ գործընթացն արագ չի լինի: Մենք մշտապես ընդգծել և ընդգծում ենք, որ դա կլինի բարդ և տևական գործընթաց»: