
Սիրիայում քրդական ինքնավարության ստեղծումը կարող է հանգեցնել ալավիական պետության ստեղծմանը. սիրիական ընդդիմություն

Թուրքական Cihan լրատվական գործակալությանը տված հարցազրույցի ժամանակ Ստամբուլում գտնվող սիրիական ընդդիմադիր «Ազգային շարժում» խմբավորման առաջնորդ Իմադ ադ-Դին ալ-Ռաշիդը զգուշացրել է, որ Սիրիայի հյուսիսի քրդաբնակ շրջաններում ինքնավարություն ստեղծելու Սիրիայի քրդերի պլանները սպառնալիք են հանդիսանում Թուրքիայի անվտանգության ու նրա տարածքային ամբողջականության համար:
Ռաշիդը հավելել է, որ Սիրիայի հյուսիսում քրդական ինքնավարության ստեղծումն արդյունքում կարող է հանգեցնել Սիրիայում ալավիական պետության ստեղծման. «Քրդական «Դեմոկրատական միություն» կուսակցությունը (PYD) ամբողջովին անցել է նախագահ Բաշար Ասադի վարչակարգի կողմը և փորձում է գերիշխել քրդական խմբերի թվում:
Թուրքիան պետք է պաշտպանի սիրիացի հեղափոխականներին՝ ընդդեմ PYD-ի: Քրդական ինքնավարության ձևավորումը կարող է հանգեցնել Սիրիայի մասնատմանը: Դա ճանապարհ կհարթի Միջերկրական ծովի ափին ալավիական պետություն ստեղծելու համար:
Բնականաբար, դա բացասական հետևանքներ կունենա նաև Թուրքիայի համար: Տվյալ սցենարի իրագործման դեպքում Թուրքիայում բնակվող ալավիները (որոշակի տվյալներով՝ նրանց քանակը հասնում է մինչև 20 միլիոնի – 168.am) կարող են պահանջել ինքնավարություն»: