
Մոհամմեդ Մուրսին ազատ կարձակվի, եթե համաձայնվի լքել երկիրը. The Sunday Times

Բրիտանական The Sunday Times թերթի փոխանցմամբ՝ մոտ մեկ ամիս առաջ պաշտոնանկ արված Եգիպտոսի նախագահ Մոհամմեդ Մուրսին ազատ կարձակվի, եթե համաձայնվի լքել երկիրը: Թերթի պնդմամբ՝ Եգիպտոսի առաջատար քաղաքական ուժերը ներկայումս քննարկում են ներքաղաքական իրավիճակի կարգավորման փոխզիջումային պլանը:
Այդ պլանը մշակվել է ԱՄՆ-ի ու ԵՄ-ի մասնակցությամբ: Ընդ որում, դրա երաշխավորների դերում հանդես են գալիս Սաուդյան Արաբիան ու ԱՄԷ-ն: Պլանը նախատեսում է նաև «Մուսուլման եղբայրներ» շարժման ակտիվիստների բողոքի ակցիաների դադարեցում, ինչը հիմնականում վերաբերում է Կահիրեում անցկացվող նստացույցերին:
Պլանի համաձայն, «Մուսուլման եղբայրներ» շարժման ղեկավարությունը պետք է ճանաչի Եգիպտոսում ներկայումս գոյություն ունեցող «ստատուս-քվոն»՝ իր անդամների համաներման ու ազատ արձակման դիմաց: Ընդ որում, ապասառեցվել են շարժման մի շարք ակտիվներ:
Առկա տեղեկատվության համաձայն, Մուրսին պահվում է Կահիրեից մեկ ժամ հեռավորության վրա գտնվող բանակային օբյեկտներից մեկում: Մուրսին 15 օրով կալանքի տակ է վերցվել հուլիսի 26-ին: