Սիրիական հակամարտությունը կարելի է ավարտել մի քանի ամսվա ընթացքում. Բաշար Ասադ
Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Սիրիայի նախագահ Բաշար Ասադը հայտարարել է, որ Սիրիական հակամարտությունը կարող է ավարտվել մի քանի ամսվա ընթացքում, եթե բնակչությունն ակտիվորեն օգնի սիրիական բանակին՝ երկրի տարածքում կարգուկանոնը վերականգնելու հարցում:
Ասադի խոսքերով՝ սիրիական բանակը հիմնականում հաջողությունների է հասնում այն շրջաններում, որոնցում նրան ակտիվորեն աջակցում են այդ շրջանների բնակիչները. «Այն բոլոր խնդիրները, որոնց ներկայումս բախվում ենք մենք, կապված են անվտանգության հարցերի հետ: Դրանք կարելի է լուծել միայն ահաբեկչությանը հաղթելով:
Այդ պատճառով էլ եթե մենք հաղթենք ժողովրդական պատերազմում, ապա Սիրիան կարող է մի քանի ամսվա ընթացքում հաղթահարել այս ճգնաժամը»: Ասադը հույս է հայտնել, որ Սիրիան վերականգնված կլինի մինչև հաջորդ Ռամադան:
Ասադն ընդգծել է, որ բանակն անհավանական հաջողությունների է հասել մարտադաշտում, իսկ ահաբեկչական խմբավորումներն ու նրանց օտարազգի հովանավորները, հույսները կտրելով սիրիական զորքերին ջախջախելուց, անցում են կատարել հյուծիչ պատերազմի:
Ասադի խոսքերով՝ գնալով ավելի շատ զինյալներ են հանձնվում իշխանություններին՝ հանուն խաղաղ կյանքի վերադարձ կատարելու, իսկ ոմանք անգամ հանդես են գալիս կառավարական ուժերի կողմից: