
Ինչու են հայաստանյան վիճակագիրները «մոռանում» հրապարակել որոշ ցուցանիշներ

Հայաստանի վիճակագիրները բավականին հետաքրքիր մեթոդով առաջնորդվում. այն ցուցանիշը, որը կարող է ի վնաս Հայաստանի խոսել, նրանք գերադասում են «մոռանալ» և չհրապարակել: Այս անգամ Ազգային վիճակագրական ծառայությունը 2013-ի հունվար-մայիսի համար ԱՊՀ երկրների սոցիալ-տնտեսական ցուցանիշները հրապարակել է առանց հիմնական ցուցանիշի՝ համախառն ներքին արդյունքի: Թեև առանձին վերցրած ՀՀ-ի ՀՆԱ աճը բավականին ազդեցիկ է ներկայացվում: Նախկինում ԱՊՀ երկրների ՀՆԱ-ն մշտապես հրապարակվել է: Այժմ միայն ճյուղային ցուցանիշներն են բերված, որոնք այնքան էլ հուսադրող չեն, հատկապես Ադրբեջանի համեմատ: Մասնավորապես, եթե տնտեսության ինդիկատոր համարվող շինարարությունը Հայաստանում անկում է ապրել 8.8%-ով, Ադրբեջանում աճել է 27.4%-ով, մանրածախ առևտրաշրջանառության աճը ՀՀ-ում 2.6% է, Ադրբեջանում 8.8%, սպառողական գները ՀՀ-ում աճել են 3.6%, Ադրբեջանում՝ 1.7%, միաժամանակ 1 աշխատողի միջին անվանական աշխատավարձը ՀՀ-ում նվազել է 0.6%-ով, իսկ Ադրբեջանում աճել է 7.3%-ով: