Բաժիններ՝

Մահացել է Ազատ Գասպարյանը

Այսօր ժամը 16:30-ի սահմաններում «Նաիրի» բժշկական կենտրոնում մահացել է անվանի դերասան Ազատ Գասպարյանը: Այդ մասին 168.am-ի հետ զրույցում հայտնեց «Նաիրի» բժշկական կենտրոնի փոխտնօրեն Սիրանույշ Մարտիրոսյանը:

Մահը վրա է հասել այսօր՝ օգոստոսի 2-ին, ժամը 16:30-ի սահմաններում: Բուժկենտրոնի փոխտնօրենը չհայտնեց անվանի դերասանի մահվան պատճառը՝ նշելով, որ դերասանի հարազատները չեն ցանկանում, որ այդ տեղեկատվությունը հրապարակայնացվի:

168.am-ի խմբագրակազմը ցավակցում է արտիստի հարազատներին և մտերիմներին՝ նրա մահվան կապակցությամբ։

* * *

Կինոյի և թատրոնի անվանի դերասան Ազատ Գասպարյանը ՀՀ ժողովրդական արտիստ էր և ՀԽՍՀ պետական մրցանակի դափնեկիր: Նա ծնվել է 1943 թ. օգոստոսի 13-ին Երևանում: 1960թ. ավարտել է Արթիկ քաղաքի № 1 միջնակարգ դպրոցը, 1970թ.` Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտի դերասանական բաժինը` ուսանելով Վարդան Աճեմյանի արվեստանոցում: 1970-72թթ. աշխատել է Երևանի պատանի հանդիսատեսի թատրոնում, 1972-80թթ.` Դրամատիկական թատրոնում: Հետագա տարիներին աշխատել է ‹‹Հեռուստաթատրոնում›› և‹‹Մետրո›› թատրոնում: 1986 թվականից մինչ օրս Երևանի Գ. Սունդուկյանի անվան ակադեմիական թատրոնի դերասան է: Նկարահանվել է ‹‹Հայֆիլմ›› և ‹‹Մոսֆիլմ› կինոստուդիաների թողարկած 20 գեղարվեստական ֆիլմերում` ‹‹Հեղնար աղբյուր›› (1970թ.), ‹‹Համագյուղացիները›› (1974թ.), ‹‹Երկունք››(1976թ.), ‹‹Հուսո աստղ›› (1978թ.), ‹‹Համր վկան›› (1980թ.), ‹‹Սիրո փոքրիկ պատմություն›› (1981թ.), ‹‹Երջանկության մեխանիկա›› (1982թ.), ‹‹Հին օրերի երգը›› (1982թ.), ‹‹Վարսավիրը, որի քեռու գլուխը վարժեցված վագրը կրծել էր›› (1983թ.), ‹‹Ճերմակ անուրջներ›› (1984թ.), ‹‹Մեր մանկության տանգոն›› (1984թ.), ‹‹Ո՞ւր ես գնում, զինվոր›› (1985թ.), ‹‹Բառը›› (1987թ.), ‹‹Շնչառություն›› (1988թ.), ‹‹Աստված իմ, ինչո՞ւ›› (1989թ.), ‹‹Ձանձրույթ›› (1990թ.), ‹‹Որտե՞ղ էիր, մարդ աստծո›› (1992թ.), ‹‹Органный концерт›› (2000թ.), ‹‹Ուրախ ավտոբուս›› (2000թ.) և այլն: Նկարահանվել է նաև 30 և ավելի հեռուստաբեմադրություններում, մասնակցել բազմաթիվ ռադիոբեմադրությունների:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս