Միխեիլ Սաակաշվիլին դատապարտել է ադրբեջանական ընդդիմության թբիլիսյան հավաքը
Грузия Online-ի փոխանցմամբ՝ Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլին երեկ խորհրդարանական փոքրամասնության անդամների ու նահանգապետների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ Թբիլիսիում հավաքված ադրբեջանական ընդդիմության ներկայացուցիչներին Վրաստան է ուղարկել Ռուսաստանը.
«Ձեզ հայտնի է, որ երեկ և դրա նախորդ օրը Վրաստանում տեղի է ունեցել նախագահ Իլհամ Ալիևի ընդդիմադիրների մեծ հավաքը, որոնք այստեղ են ժամանել Ռուսաստանից: Քաղաքական ակտիվության իրավունք ունեն բոլորը:
Մենք ժողովրդավարական, ազատ երկիր ենք, սակայն հիանալի գիտենք, որ այդ անձանց ղեկավարում է և ֆինանսավորում է անմիջապես Ռուսաստանի ղեկավարությունը: Այդ մարդիկ ուղարկվել են կոնկրետ նպատակով, որպեսզի Ադրբեջանում չշարունակվի քաղաքական կայունություն:
Ադրբեջանի քաղաքական կայունությունը հանդիսանում է Վրաստանի քաղաքական կայունության նախապայման: Մեր հարևաններն են Հայաստանը, Ադրբեջանը, Թուրքիան: Կարծում եմ, որ մեր տարածքը չպետք է օգտագործվի մեր հարևանների դեմ քաղաքական որևէ մանիպուլյացիայի նպատակով»:
Սաակաշվիլին Վրաստանի կառավարությանը զգոնության կոչ է արել նմանատիպ հարցերում: