Այս տարի Դուբայն ընդունել է ռեկորդային թվով զբոսաշրջիկների
Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ 2013 թվականի առաջին կիսամյակին Դուբայն ընդունել է ռեկորդային թվով զբոսաշրջիկների՝ գրեթե 5.6 միլիոն մարդ: Այս մասին հայտնել է էմիրության զբոսաշրջային դեպարտամենտը:
Զբոսաշրջիկների քանակն աճել է 11 տոկոսով, ինչը համապատասխանում է զբոսաշրջության զարգացման Դուբայի քաղաքականությանը, որով նախատեսվում է մինչև 2020 թվականը տարեկան ընդունել 20 միլիոն զբոսաշրջիկի: Ընդ որում, Դուբայի տնտեսության մեջ զբոսաշրջության ներդրումը պետք է եռապատկվի մինչև 2020 թվականը:
Ամենաշատը զբոսաշրջիկները Դուբայ են գալիս Սաուդյան Արաբիայից, Հնդկաստանից, Մեծ Բրիտանիայից, ԱՄՆ-ից, Ռուսաստանից, Գերմանիայից, Քուվեյթից, Օմանից, Չինաստանից ու Իրանից: Ներկայումս Դուբայում կա 603 հյուրանոց, որոնք ունեն 81.500 համար: