Սիրիական ազատ բանակը «Ալ-Քաիդայի» զինյալներին կոչ է արել լքել երկիրը
Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Սիրիական ազատ բանակի ներկայացուցիչ Ֆահդ ալ-Մասրին «Ալ-Քաիդա» և «Ջաբհաթ ալ-Նուսրա» ծայրահեղական խմբավորումների զինյալներին կոչ է արել լքել Սիրիան.
«Խոսքը գնում է Սիրիայի տարածք ներթափանցած ծայրահեղականների ու ահաբեկիչների մասին: Այդ խմբավորումները դեսանտ չեն իջեցվել օդապարիկներով, նրանք հատել են սահմանը:
Մենք պետք է պարզենք, թե ինչպես են Սիրիայում հայտնվել «Թալիբան» շարժման հազարավոր զինյալներ ու «Ալ-Քաիդայի» զինյալները, ինչպես են նրանք փախել Իրաքի բանտերից:
Իրականացվում է արտաքին քաղաքական ռազմավարություն՝ ուղղված նրան, որ իսլամիստներն ու ահաբեկիչները մուտք գործեն Սիրիա, փոխեն քաղաքական ու ռազմական ուժերի հարաբերակցությունը երկրում և խեղդեն հեղափոխությունը:
Մենք թույլ չենք տա, որ ահաբեկիչներն ու ծայրահեղականները թելադրեն մեր երկրի ապագան: Մենք կարծում ենք, որ ծայրահեղականները տեղ չունեն մեր երկրում: Այն բանից հետո, ինչ կհեռանա նախագահ Բաշար Ասադը, Սիրիայում տեղ չի գտնվի իսլամիստների համար»: