Բաժիններ՝

Վտանգավոր առասպել. մամուլ

«Առավոտ» օրաթերթի խմբագիր Արամ Աբրահամյանը թերթի խմբագրականում գրում է. «ԼՂՀ պաշտպանության բանակի հրամանատար Մովսես Հակոբյանի սուտ պնդումն այն մասին, որ Լևոն Տեր-Պետրոսյանը առաջին անգամ Ղարաբաղ է այցելել 1996 թվականին, միանգամայն տեղավոր­վում է 98-ին իշխանության կողմից որդեգրված և մինչ օրս իշխանությունների կողմից կիրառվող «հա­յեցակարգի» մեջ, որի նպատակն է նսեմացնել արցախյան պատերազմում ՀՀ զինված ուժերի գլխավոր հրամանատարի դերը:

Մինչդեռ պետք է լինեն ինչ-որ անձեռնմխելի կետեր, որտեղ չի ներթափանցում ժամանակակից քաղաքական կոնյունկտուրան. ազգային-ազատագրական պայքարի խեղաթյուրումը, այսօրվա պաշտոնական առասպելաբանությունը ուղ­ղակիորեն խփում են ոչ թե «նախորդ իշխանություն­ներին», այլ մեր ժողովրդի ինքնագիտակցությանը:

Առանց առասպելների ապրել, իհարկե, հնարավոր չէ: Լևոն Տեր-Պետրոսյանը և նրա ֆանատները նույնպես ունեն իրենց առասպելաբանությունը: Ըստ դրա՝ 1990-1998 թվականներին Հայաստանում գոր­ծում էր սահմանադրական կարգը (հենց այդ պատճառով էլ նրանց ծրագրային նպատակն է «վերա­կանգնել այն»), իշխանությունը կոռումպացված չէր, կազմակերպվում էին ազատ-արդար ընտրություններ, ոչ nք չէր հետապնդվում քաղաքական հայացքների համար, կար հավաքների և խոսքի ազատություն: Այս հեքիաթին անկեղծորեն հավատում են ոչ միայն այն երիտասարդ կուսակցականները (ՀԱԿ-ի անդամ­ները), որոնք այն ժամանակ փոքրիկ երեխաներ էին (ինչը բնական է), այլև նրանք, ովքեր այն ժամանակ իշխանության ղեկին էին և հաստատ գիտեն, որ հիշյալ «վարդագույն» պնդումները չեն համապա­տասխանում իրականությանը: Բայց գիտակցական մակարդակով իմանալը և հոգով-սրտով ընդունելը, ինչպես հայտնի է, տարբեր բաներ են:

Առասպելներից զերծ չեն նաև մյուս կուսակցություն­ները: Օրինակ՝ Դաշնակցությունն ու ԲՀԿ-ն կարծում են, որ Ռոբերտ Քոչարյանը երկու անգամ նախագահ է ընտրվել, և նրա օրոք այնպիսի տնտեսական բա­րեկեցություն էր, որ մարդիկ ամեն ժամ օրհնում էին իրենց նախագահին և կառավարությանը:

Իսկ ահա Պարույր Հայրիկյանը և նրա համախոհները, Հայրիկյանի բնավորության առանձնահատկություններից ել­նելով, առասպելները կառուցում են «Հայրիկյան» երևույթի շուրջ, նա միշտ ճիշտ բաներ է ասել և արել, ամեն ինչ հիմնել է, կանխատեսել է, իսկ մնա­ցած բոլոր քաղաքական գործիչները, երբ իր մարգարեությունները լսում էին՝ ամեն ինչ լավ էր, երբ չէին լսում՝ գործերը վատ էին ընթանում:

Բայց կրկնում եմ, բոլոր այս առասպելներն ավելի անմեղ են ու անշառ, քան այն հեքիաթները, որոնք 1998-ից հետո եկած իշխանության ներկայացուցիչները հորինում են Արցախի ազատամարտի և դրանում ՀՀ առաջին նախագահի դերի մասին: Որովհետև այդ՝ «ժամանակակից» առասպելաբանությունը ուղղակիորեն վարկաբեկում է մեր ամենակարևոր նվաճումը և, այդպիսով, ուղղված է մեր ազգային անվտանգության դեմ»:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ «Առավոտի» այսօրվա համարում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս