![](/banners/BeFunky-design.jpg)
Ռուստամ Իբրահիմբեկովը մեզ համար ամենաընդունելի թեկնածուն է. Ադրբեջանի իշխող կուսակցություն
![](https://168.am/wp-content/uploads/2013/07/073000044253.jpg)
Ադրբեջանական Turan լրատվական գործակալության փոխանցմամբ՝ իշխող «Ենի Ազերբայջան» կուսակցության (ԵԱԿ) գործադիր քարտուղարի տեղակալ Սիյավուշ Նովրուզովը «Ամերիկայի ձայն» ռադիոկայանին տված հարցազրույցի ժամանակ հայտարարել է, որ ԵԱԿ-ի թեկնածուն (նախագահ Իլհամ Ալիևը) այլընտրանք չունի ո՛չ երկրի ներսում, ո՛չ նրա սահմաններից դուրս.
«Իլհամ Ալիևին աջակցում է ինչպես երկրի բնակչությունը, այնպես էլ ԵԱԿ-ի 600.000 անդամները: Հենց այդ մարդկանց պնդմամբ է կուսակցության համագումարում առաջադրվել նրա թեկնածությունը:
Ինչ վերաբերում է Ռուստամ Իբրահիմբեկովի թեկնածությանը, ապա ես քանիցս ասել եմ, որ նա մեզ համար ամենաընդունելի թեկնածուն է, որովհետև Իբրահիմբեկովը ոչ մի ժամ չի զբաղվել քաղաքականությամբ: Նա հեղինակ է մի շարք ֆիլմերի, և դրանով ավարտվում է նրա աշխատանքը:
Նա այն մարդն է, ով երբեք չի եղել Ադրբեջանի ժողովրդի կողքին՝ նրա համար վճռորոշ, ճակատագրական, ծանր պահերին: Ես նրան չեմ համարում լուրջ մարդ: Ընտրություններին մնացել է 70 օրից էլ պակաս ժամանակ: Այսինքն, 10 օր անց կտրվի ընտրությունների պաշտոնական մեկնարկը: Ցայսօր Իբրահիմբեկովը չորս անգամ իրազեկել է իր գալստյան մասին, սակայն դա տեղի չի ունեցել:
Մյուս կողմից էլ Իբրահիմբեկովը պաշտոնական թեկնածու չէ: Ազգային խորհրդի մեկ-երկու անդամի հայտարարությունները հիմք չեն: Ընտրանական օրենսգրքի 53-րդ և 54-րդ հոդվածներով՝ թեկնածուն իր նախաձեռնությամբ առաջադրվում է նախաձեռնող խմբի կողմից կամ էլ քաղաքական կուսակցությունների, ինչպես նաև քաղաքական կուսակցությունների դաշինքի կողմից:
Ազգային խորհուրդը չգրանցված հասարակական կազմակերպություն է: Ադրբեջանի օրենսդրության համաձայն, հասարակական կազմակերպությունը չի կարող որևէ ընտրությունում թեկնածու առաջադրել:
Սահմանադրության 100-րդ հոդվածում նշված է, որ թեկնածու դառնալ ցանկացողը չպետք է ունենա երկքաղաքացիություն, չպետք է պարտավորություններ ունենա այլ երկրների հանդեպ, վերջին 10 տարում պետք է մշտապես բնակված լինի Ադրբեջանում: Ռուստամ Իբրահիմբեկովը չի համապատասխանում այս պահանջներից և ոչ մեկին:
Դեռ հայտնի չէ, արդյոք Իբրահիմբեկովը դիմել է ՌԴ նախագահին կից Քաղաքացիության հարցերով հանձնաժողովին: Անգամ եթե նա դիմել է, ապա կան ընթացակարգեր, որոնք ժամանակ են պահանջում: Հանդիսանալով Ռուսաստանի քաղաքացի՝ Իբրահիմբեկովն ինքնաբերաբար պարտավորություններ է ունենում այդ երկրի առջև:
Այդպիսով, Իբրահիմբեկովը պետք է ՌԴ 25 կառույցներից, այդ թվում նաև անվտանգության մարմիններից, ՆԳՆ-ից ու դատարաններից ստանա տեղեկանք, որ պարտավորություններ չունի նրանց: Բացի այդ, վերջին կես ամսվա ընթացքում նա Ադրբեջանում չի բնակվել անգամ մեկ ամիս, ինչը նույնպես չի համապատասխանում Սահմանադրության պահանջներին:
Ադրբեջանում քրեական գործ է հարուցված կինեմատոգրաֆիստների նկատմամբ՝ կապված հարկերից խուսափելու հետ: Չեմ կարող պնդել, թե որչափ է Ռուստամ Իբրահիմբեկովի պատասխանատվությունը, այդ աշխատանքն իրավապահ մարմիններինն է»: