Ամայացնելով քաղաքական դաշտը՝ իշխանությունները ստիպված կլինեն երկրի հարցերն այսուհետ քննարկել փողոցում, ասենք՝ DJ Վակցինաների հետ
Հարցազրույց քաղաքագետ Էդվարդ Անտինյանի հետ
– Պարոն Անտինյան, տրանսպորտի ուղեվարձի թանկացման հետ կապված պայքարի քաղաքացիական շարժումը երեկ փայլուն հաղթանակ տարավ, իսկ այսօր ակտիվիստներն՝ ամփոփելով արդյունքները, նշեցին, որ շարժումը չքաղաքականացվեց, դրա համար էլ հաղթեցին: Ավելին, իշխանության տարբեր ներկայացուցիչներ էլ կարևորեցին այդ հանգամանքը, որ շարժումը չկուսակցականացվեց, չքաղաքականացվեց: Նույնիսկ վարչապետ Տիգրան Սարգսյանը կառավարության նիստում օրեր առաջ շարժմանն անդրադառնալով՝ ասաց, որ այն մարդկանց ինքնաբուխ շարժում էր, որը չուներ կուսակցական բնույթ: Ի՞նչ կասեք այս մասին:
– Նախ՝ ուզում եմ իմ գոհունակությունը հայտնել մեր երիտասարդների փառահեղ հաղթանակի առիթով: Մեր սերունդը ժամանակին մասնակցել է հանրահավաքներին՝ դուրս գալով տոտալիտար պետության բիրտ ուժի դեմ, այնուհետև՝ նաև սեփական իշխանությունների, ունեցել ենք և փայլուն հաղթանակներ, և պարտություններ: Մեզնից շատերն այնպիսի բարեխղճությամբ, պատասխանատվությամբ ու համառությամբ էին գնում հանրահավաքի, ասես դա մեր աշխատանքի վայրը լիներ: Շատ կափսոսեի, որ այս սերունդը քաղաքացիական համախմբման այդ դարբնոցը չանցներ, ու ավելի կափսոսեի, որ անարդյունավետ լիներ նրանց պայքարը: Փառք Աստծո, որ մեր երիտասարդները հաղթանակ տարան, իսկ այս ոգևորությունը, բնականաբար, մղելու է նոր պայքարի: Իսկ այն, որ շարժումը հաղթանակ բերեց՝ առանց քաղաքականացվելու, ունի նաև իր բացասական կողմը:
– Ի՞նչ նկատի ունեք:
– Տևական ժամանակ այս և նախորդ իշխանությունները մեթոդաբար ամայացնում են քաղաքական դաշտը: Կուսակցությունների պառակտում, քաղաքական լիդերներին իրար դեմ հանում, ընդդիմադիր կուսակցություններին ու նրանց առաջնորդներին զրկում ֆինանսական աղբյուրներից, փակում ընդդիմադիր ակտիվիստների ճանապարհը՝ թե՛ արժանապատիվ աշխատանք ունենալու, թե՛ բիզնեսով զբաղվելու: Ավելին, իշխանության կողմից վերահսկվող հեռուստաալիքները փակում էին ընդդիմադիր լիդերների առաջ՝ դա բացատրելով, թե ժողովուրդը հոգնել է քաղաքական գործիչներից և ցանկանում է սերիալներ դիտել ու զվարճալի հաղորդումներով իր օրը լցնել: Քաղաքական դեմքերն ու կառույցները հերթով ասպարեզից դուրս եկան. ով որքան ռեսուրս ուներ դիմադրելու՝ այդքան դիմացավ, բայց և հասկացան, որ մեր երկրում քաղաքականությամբ իշխանություն չի փոխվում, ուստի կուսակցական գործունեությունն էլ է իմաստազրկվում:
Եվ ահա թվում էր, թե իշխանությունները հասել են իրենց նպատակին, դաշտն ամբողջությամբ իրենց է մնացել, մեկ էլ հասարակության կողմից սիրված ու իշխանությունների բարեհաճության շնորհիվ ունևոր դարձած շոու-բիզնեսի մեր հարգարժան ներկայացուցիչները գնացին ու կանգնեցին ժողովրդի կողքին, դրանով իսկ փաստի առաջ կանգնեցնելով ինքնագոհ իշխանավորներին: Իսկ այն քաղաքական գործիչները, որոնք չէին ցանկանում խաղից դուրս մնալ, գնացին ու միացան քաղաքացիական այդ շարժմանը, մնացածն էլ մի կողմ քաշվեցին, քանի որ պարբերաբար հնչում էր, թե պետք չի քաղաքականացնել այս շարժումը: Դե ինչ, հարգելի իշխանավորներ, չէիք ցանկանում լուրջ կաբինետներում ձեր քաղաքական ընդդիմախոսների հետ նստել ու գաղափարական, ծրագրային, կոնցեպտուալ բանավեճերի արդյունքում մեր երկրի ներկայի ու ապագայի վերաբերյալ ճիշտ որոշումներ կայացնել, հիմա ստիպված կլինեք դուրս գալ փողոց ու, ասենք, DJ Վակցինայի նախընտրած ռիթմերի տակ պայքար մղել շոու-բիզնեսի մեր ակտիվ ներկայացուցիչների հետ: Եվ չկարծեք, թե ձեզ կհաջողվի երաժշտություն պատվիրել, փողոցը ռեստորան չի, այնտեղի երաժշտությունն այնտեղի լիդերներն են պատվիրում, ու ցանկացած DJ-ի գահընկեց կանեն, եթե փորձի ձեր խաղը խաղալ:
– Մի տեսակ նեղացածություն կա Ձեր ասածի մեջ:
– Ոչ, ամենևին, չարախնդալն էլ հեռու է իմ էությունից, բայց այս անգամ ուղղակի չեմ կարողանում հրճվանքս զսպել ու չբարձրաձայնել, քանի որ մեր երիտասարդները ոչ միայն հաղթանակ տարան, այլև ձեռի հետ էլ մեր՝ քաղաքական գործիչներիս, վրեժը լուծեցին իշխանություններից: Իսկ հիմա փողոցը հաղթանակի համն առել է, ու պայքարը չի դադարելու:
Հավանաբար, առաջիկայում սպասվող տարածաշրջանային ու աշխարհաքաղաքական լրջագույն մարտահրավերների թեման ու դրանց շուրջ մեր երկրի անելիքներն իշխանավորներն արդեն ստիպված կլինեն քննարկել այս զորահանդեսի հրամանատարների հետ՝ Կարգին Հայկոյի ու Մկոյի, Լիլուի… շոու-բիզնեսի մյուս ներկայացուցիչների հետ: Դե ինչ, ես ձեզ ի սրտե հաջողություն եմ մաղթում:
– Այո, բայց փաստենք, որ մեծ հաշվով՝ քաղաքական ու կուսակցական գործիչները վարկաբեկված են ու հասարակության վստահությունը չեն վայելում:
– Բայց ըստ մեր օրենսդրության՝ հասարակական միավորումներից միայն կուսակցության բացառիկ իրավունքն է՝ մասնակցել ընտրությունների ու հաղթելու դեպքում իշխանություն ձևավորել: Հետևաբար՝ կուսակցությունները վարկաբեկվում են իշխանության այլասերվածության արդյունքում: Վաղն իշխանություն ձևավորողը մեկ այլ հասարակական միավոր լինի՝ նա է վարկաբեկվելու, քանի դեռ վարկաբեկված է իշխանությունը, ու նա էլ ամեն ինչ անում է, որպեսզի վարկաբեկվի նաև ընդդիմությունը, որ ասի, էլ ինչո՞ւ պետք է ժողովուրդը ձգտի փոփոխության, եթե երկուսն էլ իրար արժեն:
Այսօրվա քաղաքացիական շարժմանը հենց փորձեն կազմակերպաիրավական ձև տալ, դարձյալ կհանգեն նույն մտքին, որ ոչ թե պետք է պայքարել հետևանքի դեմ, այլ հարկավոր է պատճառը վերացնել, ու, եթե քաղաքացիական շարժումը չքաղաքականացվի, ապա ոչ մի գլոբալ ու համակարգային հարց էլ չի լուծվի, առավելագույնը կլինեն այսպիսի լոկալ հաղթանակներ:
– Ո՞րն է ելքը:
– Վստահ եմ, որ այս հինգ օրը լիովին բավարար էր, որպեսզի իշխանությունները գիտակցեին իրենց թույլ տված սխալը, բայց կարծում եմ՝ իրենց այլևս չի հաջողվի հարցը մտցնել կառուցողական հուն, քանի որ այս ցաքուցրիվ եղած ընդդիմադիր կուսակցությունների ու նրանց լիդերների համար ինչպիսի բարենպաստ միջավայր էլ ստեղծվի, շատերն արդեն այնպես են հիասթափվել, որ նույն ոգևորությամբ այլևս չեն մտնի քաղաքական դաշտ, իսկ հաղթանակի դրոշը քաղաքացիական շարժման ձեռքում է, և նրանք այդպես հեշտությամբ դա չեն հանձնի քաղաքական ուժերին: Այնպես որ, դեռ մի որոշ ժամանակ է հարկավոր բազմապիսի հակամարտությունների ու բախումների, մինչև գործընթացը մտնի բնականոն հուն, ու քաղաքական պրոցեսներով զբաղվեն քաղաքական գործիչները: Հիմա քաղաքական ուժերից որն էլ ցանկանա իր կողմ թեքել այս շարժումը՝ անարգանքի սյունին է գամվելու: Կամ պետք է քաղաքացիական ակտիվիստներին աջակցել ու չփորձել նրանց օրակարգ պարտադրել, կամ էլ հարկավոր է մի կողմ քաշվել ու թողնել, որ փողոցը ձևավորի իր օրակարգը և ընտրի իր լիդերներին, մինչև հետագա քայլերը կհանգեցնեն ռացիոնալ հանգուցալուծման: