Արմեն Մարտիրոսյան. Եթե նորից տրանսպորտի ուղեվարձը թանկանա՝ ընդվզման ալիքն ավելի կմեծանա
Երեկ Տարոն Մարգարյանն ուղերձով դիմեց քաղաքացիներին ու հայտարարեց, որ հասարակական տրանսպորտի ուղեվարձը կսահմանվի 100 դրամ: 168.am-ը «Բարև, Երևան» ավագանու խմբակցության անդամ Արմեն Մարտիրոսյանից հետաքրքրվեց, թե ինչո՞ւ քաղաքապետը նման որոշում կայացրեց: Նախ՝ նա ողջունեց քաղաքացիներին իրենց ակտիվ «պայքարով արժանացած հաղթանակի» համար, ապա ավելացրեց. «Որոշակի առումով ես սպասում էի, որ նման որոշում կկայացվի: Նախաձեռնությունը մեծ ծավալ էր ստանում` միացել էին ընդդիմադիրները, իշխանության նախկին ներկայացուցիչները…»:
Արմեն Մարտիրոսյանն ասաց, թե Տարոն Մարգարյանի ու «Բարև, Երևանի» երեկ տեղի ունեցած հանդիպման ժամանակ քաղաքապետի որոշ խոսքեր տեղիք են տվել իրեն մտածելու` տրանսպորտի թանկացման որոշման վերանայման մասին: «Մեր հանդիպման ժամանակ նա իր մոտեցումները բերեց այն առումով, որ տրանսպորտի ուղեվարձը պետք է սոցիալապես թիրախավորված լինի` լինեն զեղչեր: Ի հակադրություն՝ ես էլ պատասխանեցի, որ սոցիալական շերտը մեզանում լղոզված է, ու իր առաջարկը չի կարող հարցի լուծում դառնալ: Իշխանության ներկայացուցիչները երևի զգացել են, որ ստեղծված իրավիճակն իրենց ոչ մի լավ բան չի խոստանում: Գումարած, որ պահանջն առարկայական էր ու օբյեկտիվ: Սա ևս, կարծում եմ, հիմք ծառայեց նրա որոշման համար»,- նշեց նա:
Մեր հարցին, թե չե՞ք կարծում, որ քաղաքապետարանը փորձում է ժամանակ շահել ու թուլացնել շարժումը` աշնանը թանկացումը հաստատելու համար, Ա. Մարտիրոսյանը պատասխանեց, թե չի բացառում, և հնարավոր է` իշխանությունը նման ցանկություն ունենա, բայց միաժամանակ շեշտեց, թե այդ դեպքում ընդվզման ալիքն ավելի կմեծանա.
«Հիմա ամենաանհարմար ժամանակն է` ուսանողությունը, ակտիվ երիտասարդները Երևանում չեն, քաղաքացիների մեծ մասը հանգստի են մեկնել, ուստի այս սեզոնն ամենանպատակահարմարը չէ քաղաքացիական ալիքի համար: Բայց այս պարագայում էլ մենք տեսանք, թե ինչ ալիք առաջացավ: Իսկ սեպտեմբերին մարդիկ Հայաստանում կլինեն` բողոքի ալիքն ավելի մեծ կլինի, որովհետև թանկացումներն էլ ավելի զգայուն կլինեն»:
Ինչ վերաբերում է հնչող կարծիքներին, թե Տարոն Մարգարյանն իր «աթոռի համար է վախեցել», որովհետև բողոքի ալիքը հասել էր իր հրաժարականի պահանջին, Արմեն Մարտիրոսյանը նկատեց. «Եթե շարժումն անկանխատեսելի ծավալ հավաքեր, այդ հարցն իսկապես հրատապ կդառնար: Իսկ շարժումը օրեցօր մեծանում էր: Բայց, ցանկացած պարագայում, սա ոչ միայն Տարոն Մարգարյանի խնդիրն է եղել, այլ` իշխանությունների: Բոլորիս համար պարզ է, որ իշխանության որևէ օղակ առանձին չի գործում… Իշխանությունը փորձեց իրենից հարվածը հեռացնել: Եթե իսկապես իր հրաժարականի պահանջի գործոնն է աշխատել, դա վատ չէ` բնական է, ամեն մարդ էլ խուսափում է տհաճ իրավիճակներից: Եթե նման մոտեցում է եղել` ավելի լավ»: Ա. Մարտիրոսյանի խոսքով՝ իշխանության ներսում թևեր կան, որոնք, սակայն, գործում են ամբողջական և պայքարը տանում են միայն միմյանց նկատմամբ ուժեղանալու համար: