Այսուհետ մեր հույսը ոչ թե Արևմուտքն է, այլ՝ Ալլահը. Սիրիական ազատ բանակի գլխավոր շտաբի պետ
Թուրքական Anadolu լրատվական գործակալությանը տված հարցազրույցի ժամանակ Սիրիական ազատ բանակի գլխավոր շտաբի պետ, գեներալ Սալիմ Իդրիսը հայտարարել է, որ կատարելապես կորցրել է Արևմուտքի օգնության հետ կապված հույսը.
«Մենք ապացույցներ ունենք, որ սիրիական վարչակարգին օգնում են Եմենի, Պակիստանի ու Աֆղանստանի շիաները: Իրանն ու Ռուսաստանը վարչակարգին մատակարարում են վիթխարի քանակությամբ զենք և զինամթերք:
Ամեն 10 օրը մեկ Ռուսաստանն ու Իրանը վարչակարգին հասցնում են ավելի քան 400 տոննա զինամթերք: Ռուսական նավերը կանգ են առնում Բեյրութում, վերցնում են «Հզբոլլահի» զինյալներին և փոխադրում Տարտուս:
Ճիշտ է, որ Ասադի բանակն առաջ է շարժվել մի քանի ճակատներում, և որ դրանում նրան օգնել է արտաքին միջամտությունը: Այնուամենայնիվ, իրավիճակն ակնհայտորեն վարչակարգի օգտին չէ, պատերազմը շարունակվում է: Պատերազմի ժամանակ լինում են նաև նահանջներ և ոչ թե միայն հարձակումներ: Գլխավորն այն է, թե ով կհաղթի դրանում:
Ես չեմ կարող հասկանալ Արևմուտքի վերաբերմունքը Սիրիական պատերազմին. սկզբնական շրջանում նրանք զենք են խոստանում, իսկ հետո հրաժարավում են: Զենքի մատակարարումներ չկան ո՛չ ԱՄՆ-ից, ո՛չ էլ եվրոպական երկրներից: Նրանք ոչ ադեկվատ են համարում մեր երաշխիքները, որ մատակարարված զենքը չի ընկնի արմատական խմբերի ձեռքը:
Երկրի ավելի քան 70 տոկոսն ավերված է, զոհվածների քանակն անցել է 160.000-ից, 3 միլիոն սիրիացի դարձել է փախստական և ապաստան է գտել այլ երկրներում: Մենք այլևս հույսեր չենք տածում Արևմուտքի նկատմամբ, մեր հույսը միայն Ալլահն է»: