Ի՞նչ է լինելու Տարոնի որոշումից հետո
Տրանսպորտի ուղեվարձի թանկացման դեմ բողոքի ալիքի ծավալմանն ու քաղաքացիների նորանոր շերտերի ընդգրկմանը զուգահեռ՝ սկսեցին կարծիքներ հնչել, թե այս ակցիաները կարող էին ուղղորդված լինել իշխանության տարբեր թևերի, քաղաքական ինչ-ինչ ուժերի, ըստ ՀՀԿ-ական Ռազմիկ Զոհրաբյանի՝ անգամ գերտերությունների կողմից: Բողոքի ալիքի՝ «ուղղորդված լինելու» մասին տեսակետները շատ հստակ ուղղորդվածություն ունեին. դրանց տարածմամբ փորձ էր արվում թերահավատություն ստեղծել բողոքի ակցիայի նկատմամբ, կասկածներ սերմանել դրա մասնակիցների միջև, և այլն: Բարեբախտաբար, նման տեսակետները չէին ազդում պայքարող ակտիվիստների վրա, ինչի մասին էր վկայում բողոքի ալիքի՝ օրեցօր ավելի ընդգրկուն դառնալու հանգամանքը:
Ուղեվարձի թանկացման դեմ հայտնի ու ոչ այնքան հայտնի քաղաքացիների պայքարի ընթացքը ցույց տվեց, որ դրա՝ կազմակերպված կամ ուղղորդված լինելու մասին վարկածներն անհեթեթ են: Ակնհայտ է, որ ակցիայի մասնակիցների գերակշիռ մեծամասնությունն ազնիվ մղումներով քաղաքացիներ են, որոնց մեջ արթնացել է մարդկանց օգնելու, իշխանության կողմից պարտադրվող հերթական նվաստացմանն ընդդիմանալու միանգամայն անկեղծ ցանկությունը: Այլ հարց է, որ ազնիվ քաղաքացիների այս քայլը կարող էր այս կամ այն խմբերի կողմից օգտագործվել որոշակի նպատակներով: Ոչ թե կազմակերպված լինելու պատճառով, այլ ակամայից:
Փորձենք հասկանալ, թե բողոքի այս ակցիան ինչո՞վ կարող էր օգտակար լինել իշխանության համար, որը, չնայած ոստիկանական բիրտ հակազդեցությանը, այնուամենայնիվ, չշտապեց ստեղծված իրավիճակից հանգուցալուծում գտնել, իսկ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը կասեցրեց ուղեվարձը 150 դրամ դարձնելու իր որոշումը՝ բողոքի ակցիաների 6-րդ օրը միայն: Եվս մեկ անգամ կրկնում ենք. ասվածն ամենևին այն մասին չէ, որ բողոքի ակցիան կազմակերպվել կամ ուղղորդվում էր իշխանության կողմից: Պարզապես, կազմակերպված չլինելով հանդերձ՝ այն անուղղակիորեն նպաստեց իշխանության համար կարևոր մի քանի խնդիրներից հասարակության ուշադրությունը շեղելուն:
Միայն թվարկենք վերջին մեկ-երկու ամիսների ընթացքում իրար հաջորդած սկանդալային իրադարձությունները, որոնցում ներգրավված են իշխանության այս կամ այն դեմքերը, տարբեր թեևերն ու բևեռները.
- Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանի տան բակում տեղի ունեցած փոխհրաձգությունը, որի հետևանքով սպանվեց Ավետիք Բուդաղյանը,
- Վերահսկիչ պալատի հաշվետվության հրապարակումն ու քննարկումը,
- ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի անվան հետ կապված «օֆշորային» սկանդալը:
Սրանք ներքին կյանքում տեղի ունեցած ամենաաղմկոտ իրադարձություններն էին, որոնք ուղղակիորեն կապված են իշխանության այս կամ այն ներկայացուցչի հետ, և որոնց հետ կապված հանրային դժգոհության մեծ ալիք էր բարձրացել: Իսկ ամենաթարմ դեպքը, որը լուրջ վտանգներ էր ներկայացնում իշխանության համար, ՀՀ քաղաքացի Հրաչյա Հարությունյանի մասնակցությամբ Պոդոլսկ քաղաքում տեղի ունեցած ավտովթարն էր և դրան հետևած իրադարձությունները, որոնք Հայաստանում հանրային դժգոհության լուրջ ալիք բարձրացին և շարունակվելու դեպքում՝ կարող էին վերաճել հակառուսական շարժման, ինչը Ռուսաստանից կախված մեր իշխանությունների համար կարող էր ճակատագրական լինել:
Հիշեցնենք, որ տրանսպորտի ուղեվարձի թանկացմանը նախորդող օրերին Հայաստանում Ռուսաստանի դեսպանատան դիմաց բողոքի ակցիաներ էին տեղի ունենում՝ համեմված հակապուտինյան կոչերով ու կարգախոսներով: Եթե այդ ակցիաները շարունակվեին ևս մի քանի օր, բացառված չէր անգամ, որ ի նշան բողոք՝ի դեսպանատան առաջ ՀՀ քաղաքացիներն այրեին Ռուսաստանի դրոշը: Հայաստանի իշխանությունը, այդ խնդրի հետ կապված, հայտնվել էր չափազանց դժվար վիճակում. Ռուսաստանի դեմ բողոքի ալիքի հիմքում ընկած էր այդ երկրում նվաստացման ենթարկված ՀՀ քաղաքացու իրավունքների պաշտպանությունը, որը ոստիկանական բռնի ուժերով ճնշելը, մեղմ ասած, սխալ կհասկացվեր: «Ռազմավարական գործընկերոջ» դեմ ուղղված բողոքի ալիքը չճնշելն էլ սխալ կհասկացվեր Ռուսաստանի իշխանության կողմից:
Տրանսպորտի ուղեվարձի թանկացման դեմ բողոքի ակցիաներն ակամայից մոռացության մատնեցին վերը նշված բոլոր հարցերը՝ բողոքի ալիքն ուղղելով Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի դեմ: Վերջինս գուցե մի քիչ նեղվեց իրեն ուղղված մեղադրանքներից ու որակումներից, սակայն արդյունքում՝ իշխանությունը ձերբազատվեց շատ ավելի լուրջ գլխացավանքներից: Գոնե՝ առայժմ:
Տարոն Մարգարյանի այսօրվա որոշումից հետո առաջացող առաջին հարցն այն է՝ ինչ-որ ձևով կշարունակվե՞ն քաղաքացիական բողոքի ակցիաները, թե՞, ինչպես Մաշտոցի պուրակի դեպքում, սա կհամարվի հաղթանակ, և «բոլորը կգնան տուն»: