Արարատի մարզպետն այցելել է 99-ամյա տատիկին
Ցեղասպանությունից մեկ տարի առաջ՝ 1914 թվականին ծնված, Արարատի մարզի Դարակերտ համայնքի բնակիչ Աստղիկ Ավետիսյանի մասին 168.am-ի հրապարակումը՝ «99 տարեկան Աստղիկ տատն իր երեխաների հետ սկայպով է շփվում» վերնագրով, անտարբեր չի թողել նաև Արարատի մարզպետին:
Հիշեցնենք, որ 99-ամյա կնոջ մի քանի զավակներն ապրում են աշխարհի տարբեր երկրներում՝ ԱՄՆ-ում, Հոլանդիայում, Գերմանիայում, և այսօր նա իր երեխաների հետ սկայպով է շփվում:
Մեր հրապարակումից հետո՝ երկու օր առաջ, տատիկին են այցելել Արարատի մարզպետ Էդիկ Բարսեղյանը, փոխմարզպետը, Դարակերտի գյուղապետ Ղուկաս Սիմոնյանը, «Արարատ» մարզային հեռուստաընկերության աշխատակիցները: Հեռուստատեսության աշխատակիցները ոչ միայն հավերժացրին այցի կարևոր պահերը, այլև ծավալուն ռեպորտաժ պատրաստեցին 99-ամյա կնոջ մասին՝ զարմանալով նրա բարության, իմացության ու հիշողության վրա: Խնդրեցին երգել, և Աստղիկ տատը երգեց մի քանի տող «Վերքերով լի ջանֆիդա եմ…» երգից՝ հուզվելով իր չչորացած արցունքներով:
Թեև ընտանիքը հարազատների շնորհիվ նյութական խնդիր չունի, այնուամենայնիվ, հյուր չես գնա դատարկ ձեռքով: Գյուղապետն իր համայնքի լուսավոր տատիկին ծրար նվիրեց՝ հասկանալի պարունակությամբ, իսկ մարզպետ Էդիկ Բարսեղյանը՝ ծաղկեփունջ և մեծ արկղ, որի մեջ ինչ կար՝ չիմացվեց:
Արարատ