Բաժիններ՝

Ադրբեջանցի սահմանապահները հայտնվել են թուրք-իրաքյան և թուրք-սիրիական սահմաններին. APA

Ադրբեջանական APA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Թուրքիան ուսումնասիրում է սահմանների պահպանման կազմակերպման հարցում Ադրբեջանի ունեցած փորձը: Այս մասին գործակալությանը հայտնել է Թուրքիայի զինված ուժերում եղած աղբյուրը:

Թուրքական կողմի հրավերով՝ Ադրբեջանի Պետական սահմանի պահպանման ծառայության բարձրաստիճան ներկայացուցիչներն այս տարվա հունիսին այցելել են թուրք-սիրիական և թուրք-իրաքյան սահման, ծանոթացել են տեղանքին, ինչպես նաև թուրք զինծառայողներին խորհուրդներ են տվել՝ կապված պետական սահմանի պահպանման կազմակերպման հետ:

Ադրբեջանի Պետական սահմանի պահպանման ծառայության փորձն ուսումնասիրող Թուրքիան ներկայումս մտածում է ցամաքային սահմանների պահպանման հարցում տվյալ մոդելի կիրառման մասին:

Նշվում է, որ պետական սահմանների պահպանության կազմակերպման համար Թուրքիան ստեղծում է Սահմանային պահպանման կազմակերպության, որի անձնակազմը բաղկացած է լինելու 61.000 մարդուց:

Պլանի համաձայն, առաջիկա 5 տարում Հունաստանի ու Բուլղարիայի հետ Թուրքիայի սահմանները և առաջիկա 10 տարում Վրաստանի, Հայաստանի, Ադրբեջանի ու Սիրիայի հետ Թուրքիայի սահմանները, ինչպես նաև կառավարության սահմանած ժամկետում Իրանի ու Իրաքի հետ Թուրքիայի սահմանների պաշտպանությունը հանձնվելու է Սահմանային պահպանման կազմակերպությանը:

Հիշեցնենք, որ նախորդ տարվա մայիսի կեսին թուրքական Akşam թերթը գրել էր, թե 2018 թվականին Թուրքիայում սահմանների պաշտպանությունը զինվորականներից փոխանցվելու է ՆԳՆ-ին.

«Թուրքիայի ՆԳՆ-ում ստեղծվում է երկու նոր կառույց՝ Սահմանային անվտանգության կազմակերպությունը և Ներգաղթի ղեկավարման գլխավոր վարչությունը: Դրանցից յուրաքանչյուրն ունենալու է հազարավոր աշխատակիցներ:

Երկու նախագծերն էլ առաջ են քաշվել և իրագործվում են «ԵՄ-ին ինտեգրվելու սահմանային ղեկավարման ռազմավարության» շրջանակներում: Տվյալ ուղղությամբ առաջին քայլերն արվել են 2000-ական թվականների սկզբին:

Պլանավորված է, որ նախագծերի իրագործումը կավարտվի 6 տարի անց՝ 2018 թվականին, երբ սահմանների վերահսկողությունը կվերցվի զինվորականներից և կտրվի սահմանային անվտանգության կազմակերպությանը: Նախագիծը գնահատվում է 6.5 միլիարդ եվրո:

Վերջին 15 տարիներին Թուրքիայի տարածքով ապօրինի ճանապարհներով ԵՄ ներթափանացել փորձ արած մարդիկ առաջին հերթին խնդիրներ են ստեղծել Թուրքիայի համար՝ խոչընդոտելով ԵՄ-ին նրա ինտեգրմանը: Այդ ընթացքում Թուրքիայում ձերբակալվել է նմանատիպ փորձ կատարած 800.000 մարդ: Ընդհանուր առմամբ, Թուրքիան ունի 48 սահմանային անցակետ»:

Ի դեպ, Թուրքիան իր տարածքի մեծությամբ աշխարհում 37-րդն է: Թուրքիայի ցամաքային սահմանների երկարությունը կազմում է 2949 կիլոմետր, իսկ՝ ծովային սահմանները՝ 7816 կիլոմետր, ընդհանուր՝ 10.765 կիլոմետր:

Թուրքիան արևմուտքում սահմանակցում է Բուլղարիայի (269 կիլոմետր) և Հունաստանի (203 կիլոմետր) հետ, արևելքում՝ Վրաստանի (276 կիլոմետր), Հայաստանի (328 կիլոմետր), Նախիջևանի (Ադրբեջան, 18 կիլոմետր) և Իրանի (560 կիլոմետր) հետ, հարավում՝ Իրաքի (384 կիլոմետր) ու Սիրիայի (911 կիլոմետր) հետ:

Ծովային սահմաններից 1778 կիլոմետրը բաժին է ընկնում Սև ծովին, 1275 կիլոմետրը՝ Մարմարա ծովին, 4763 կիլոմետրը՝ Էգեյան և Միջերկրական ծովերին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս