Ինչո՞ւ են վիրավորվել տրոլեյբուսների վարորդները (տեսանյութ)
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, այսօր Նոր Նորքի 1-ին զանգվածում՝ Գայի արձանի մոտակայքում, բողոքի ցույց էին կազմակերպել թիվ 9 և 10 համարի տրոլեյբուսի վարորդները:
Հիշեցնենք, որ ըստ հուլիսի 20-ին Երևանի քաղաքապետարանի տարածած հայտարարության` միկոավտոբուսների և ավտոբուսների ուղեվարձը 100-ից 150 դրամ դարձնելու հետ մեկտեղ տրոլեյբուսի ուղեվարձը նախկին 50 դրամից բարձրացել է 100 դրամ: Վարորդները հայտարարեցին, որ դադարեցնում են երթուղին և տրոյելբուսները տեղափոխում են ավտոպարկ, քանի որ ուղևորները հրաժարվում են վճարել 100 դրամը և վիրավորում են իրենց:
«Ես ասում եմ` ես էլ եմ մարդ, կարող է գնամ, ինձ մոստից գցեմ, մարդ եմ, ներվային վիճակ է ստեղծվում, ասում եմ` գումար ընդհանրապես մի վճարեք, բայց ինձ մի վիրավորեք»,- հայտարարեց վարորդներից մեկը: Վիրավորելուց դժգոհեց նաև մյուս վարորդը, ում հետ զրույցից ստեղծվեց տպավորություն, որ նա նույնպես որևէ հույս չունի քաղաքային իշխանություններից, այդ իսկ պատճառով չի էլ փորձում դիմել քաղաքապետարանին:
Երիտասարդ վարորդը մեզ հետ զրույցում նշեց, որ երթուղու ղեկավարությունը կրկնապատկել է «օրվա պլանը», և այժմ նրանք նախկին 12 000 դրամի փոխարեն պետք է վճարեն 24.000 դրամ այն պայմաններում, որ ուղևորների թիվը նվազել է, իսկ նրանց ճնշող մեծամասնությունը վճարում է 50 դրամ:
Շուտով պաշտոնական քայլվածքով, սակայն ոչ այնքան քաղաքակիրթ պահվածքով տրոլեյբուսների մոտեցավ Սերգեյ Սողոմոնյան անունով մի քաղաքացի, ով, ինչպես պարզվեց, տրոլեյբուսների շահագործման բաժնի պետն է: Նրան նույնիսկ չհուզեց, որ իր հետ ցանկանում են զրուցել լրագրողները, հետո սկսեց վիճաբանել բողոքի ակցիա անցկացնող երիտասարդների հետ:
Իսկ ի՞նչ կապ ունի էլեկտրաէներգիայով սնուցվող տրոլեյբուսների ուղեվարձը գազի գների բարձրացման հետ: Ի պատասխան այս հարցադրմանը` Սերգեյ Սողոմոնյանի հիմնական փաստարկը կայանում էր հետևյալ ձևակերպման մեջ` «եթե վճարում ես թանկացած հացի ու շաքարավազի համար, ապա ինչո՞ւ ես դժգոհում, որ տրանսպորտը նույնպես թանկացել է»:
Մանրամասները` 168.am-ի տեսանյութում: