Սիրիայի քրդերի պլանները սարսափի մեջ են գցել Թուրքիային. Al Chourouk

Թունիսյան Al Chourouk պարբերականի փոխանցմամբ՝ առաջիկա շաբաթներին Սիրիայի քրդերը հռչակելու են ինքնավարություն: Ինքնավարության մայրաքաղաք է դառնալու Քամիշլին, ձևավորվելու է կառավարություն, որի կազմում մտնելու է 21 նախարար (այդ թվում նաև պաշտպանության, ֆինանսների ու ներքին գործերի):

Ինքնավարությունը չի ունենալու սեփական ԱԳՆ: Սահմանադրության նախագիծը չի դրվելու հանրաքվեի: Սիրիայի քրդերի մամլո ներկայացուցիչ Շիրզադ Յազիդին հայտարարել է, որ նոր Սահմանադրությունը հանդիսանալու է Սիրիայում «համագոյակցության մոդել» և ֆեդերալիզմի ու ապակենտրոնացվածության օրինակ:

Սահմանադրության նախագիծը կազմել է երեք ամիս առաջ ձևավորված փորձագետների խումբը: Սահմանադրության նախագծում նշված է. «Սիրիան ամբողջովին անկախ և ինքնիշխան պետություն է՝ Դամասկոս մայրաքաղաքով, խորհրդարանական, ժողովրդավարական, ֆեդերատիվ և բազմակարծ երկիր է:

Քրդստանը և ինքնավար արևմտյան տարածքները Սիրիայի բաղկացուցիչ մասն են՝ աշխարհագրական և վարչական տեսանկյունից»: Ինքնավարության պաշտոնական լեզուները լինելու են քրդերնն ու անգլերենը: Սահմանադրությամբ նախատեսվում են ինքնապաշտպանական ջոկատների ձևավորում՝ Սիրիայի միջազգային սահմանների պաշտպանության և ահաբեկչության դեմ պայքարի համար:

Սահմանադրությամբ նախատեսվում է կրոնական ազատություն բոլոր սիրիացիների համար: Նախագծի հեղինակները հուսով են, որ 3-4 ամսվա ընթացքում կընդունվի ժամանակավոր վարչակազմի մասին օրենքը, ինչից հետո 60 օրվա ընթացքում կանցկացվեն ընտրություններ:

Պարբերականի պնդմամբ՝ քրդական այս պլանները սարսափի մեջ են գցել Թուրքիային, որի արտգործնախարար Ահմեթ Դավութօղլուն հայտարարել է, որ PKK-ի սիրիական թև հանդիսացող Դեմոկրատական միություն կուսակցության (PYD) «անջատողական» միտումները «հանգեցնելու» են արյունահեղ ճակատամարտերի և Սիրիայում անկայունության ուժեղացմանը:

Դավութօղլուն նաև մտավախություն էր հայտնել, որ սիրիական տարբեր խմբակցությունների միջև պատերազմը «կարող է» տեղափոխվել Թուրքիայի տարածք:

Հիշեցնենք, որ 2011 թվականի մարտին Սիրիայում հուզումների սկսվելուց քիչ անց՝ մարտի 31-ին, Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանը հեռախոսազրույց էր ունեցել Սիրիայի նախագահ Բաշար Ասադի հետ, ով տվյալ ժամանակ դեռ ջերմ հարաբերությունների մեջ էր նրա հետ:  Հեռախոսազրույցի ժամանակ Էրդողանը նշել էր. «Սիրիական զարգացումներն անմիջականորեն իրենց ազդեցությունն են թողնում հարևան Թուրքիայի վրա:

Թուրքիայի համար մեծ վտանգ են ներկայացնում Սիրիայում բնակվող 1.4 միլիոն քրդերը: Եթե Դուք հրաժարական տաք, ապա 1.4 միլիոն սիրիական քրդերը, Թուրքիայում բնակվող 15 միլիոն, Իրանում բնակվող 7 միլիոն և Հյուսիսային Իրաքում բնակվող 6 միլիոն քրդերի հետ միասին ոտքի կկանգնեն և միացյալ անկախ պետության պահանջ կդնեն»:

Տեսանյութեր

Լրահոս