Բաժիններ՝

16-ամյա պատանին ստեղծել է Երևանի հասարակական տրանսպորտի էլեկտրոնային ուղեցույցի փորձնական տարբերակը

Երևան քաղաքի հասարակական տրանսպորտի էլեկտրոնային ուղեցույցը`   marshrut.info-ն, որը ստեղծվել էր դեռևս տարիներ առաջ, արդեն տևական ժամանակ չէր գործում, երթուղայինների համարները փոխվել էին, իսկ այդ տվյալներն ուղեցույցում չէին թարմացվել:

16-ամյա Արթուր Տեր-Գրիգորյանը որոշել և իր նախաձեռնությամբ վերականգնել է հասարակական տրասնպորտի էլեկտրոնային ուղեցույցը, որը մոտ 7 տարվա հնության կայք էր ու ստեղծել էր marshrutinfo.do.am-ը: Նա 168.am-ի հետ զրույցում պատմեց, որ ինքն էլ հաճախ խնդիր էր ունենում, հատկապես երթուղայինների համարների փոփոխություններից հետո, որևէ վայր հասնելու համար, ուստի անհրաժեշտություն կար որևէ վայր հասնելիս՝ անընդհատ ճշտել, թե ինչ երթուղայինով կարելի է հասնել անհրաժեշտ վայրը:

«Այսինքն`  կային այդ տվյալների բազաները, սակայն պետք էր թարմացված բազաներ ստեղծել`  նոր համարներով»,- ասաց Ա. Տեր-Գրիգորյանը`  նշելով, որ այդ ամենն իրեն արդեն իսկ հաջողվել է, և ներկայում կայքը գործում է փորձնական տարբերակով:

«Իհարկե, դեռևս վերջնական ճշգրտումների կարիք կա, քանի որ այս տվյալների բազաները բավականին մեծ են: Այդ ամենը անհրաժեշտ է անընդհատ ստուգել քաղաքապետարանի պաշտոնական տեղեկատվության հետ և նոր ասել: Այսինքն`  դեռևս ճշգրտության համար ես պատասխանատու չեմ, նստեղուց առաջ դեռևս պետք է հարցնել»,- ասաց Ա. Տեր-Գրիգորյանը` նշելով, թե այս պահին կոնկրետ ինչ հնարավորությունները կան:

Artur Ter-Grigoryan (2)

«Օրինակ, եթե կայքում դու  գրես՝ «12 երթուղային», քո առաջ կբերի դրա կոնկրետ երթուղին, սակայն ապագայում արդեն բանալի բառերով հնարավոր կլինի փնտրել անհրաժեշտ երթուղայինները: Օրինակ`  եթե գրեք «Հայրենիք» կինոթատրոն, համակարգը կբերի այդ վայրով անցնող բոլոր երթուղայինները կամ, եթե ինչ-որ երթուղի չի գնում այդ տեղը, ապա գոնե կնշի մոտակայքում գտնվող երթուղայինների այլ հնարավոր տարբերակները, որոնցից կարելի է օգտվել:

Կոնկրետ մինչ այս պահը ես մենակ եմ փորձել վերականգնել կայքը`  ստեղծելով դրա թեստային տարբերակը, բայց ապագայում այն վերջնական տեսքի բերելու համար 2 հոգի ինձ օգնելու ցանկություն են հայտնել»,- ասաց Ա. Տեր-Գրիգորյանը`  նշելով, որ այդպիսով ավելի հեշտ կլինի մինչև ամառվա վերջ ունենալ նոր կայքի վերջնական տարբերակը:

Մեր զրուցակցի խոսքով՝ իրենք հետագայում ցանկություն ունեն ստեղծել նաև ծրագրի շարժական հավելվածները, կստեղծվի կապ նաև Google քարտեզի հետ, որտեղ կցուցադրվի, թե քարտեզի վրա երթուղին որտեղ է, կամ, օրինակ, կետը նշելով՝ դուք կկարողանաք տեսնել, թե այդտեղով ինչ երթուղային է անցնում:

Նշենք, որ 16-ամյա Արթուր Տեր-Գրիգորյանը որոշել է ծրագրավորող դառնալ, իսկ այս marshrut.info-ի հետ կապված աշխատանքը նրա ապագա մասնագիտության ուղղությամբ կատարված առաջին փորձառությունն է:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս