Ծառուկյանը կմիանա՞ ուղևորներ տեղափոխող ակտիվիստներին

Ուղեվարձի թանկացման դեմ կազմակերպված «Չեմ վճարելու 150 դրամ» բողոքի ակցիային այսօր միացել է նաև ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Վահան Բաբայանը: Նա իր համերաշխությունն է հայտնել բողոքող քաղաքացիներին: «Սա նորություն չէ, շատ ավելի դժվար բաներ են լինելու առջևում, ժողովուրդ ջան: Դրա համար մենք պետք է մեր լուման ներդնենք»,- հայտարարել է ԲՀԿ-ական պատգամավորը: Տրանսպորտի ուղեվարձի թանկացման դեմ խոսել են նաև ԲՀԿ-ական պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը, Երևանի ավագանու ԲՀԿ-ի խմբակցության ղեկավար Թամարա Պողոսյանը: ԲՀԿ-ական պատգամավորները, բնականաբար, չէին կարող իրենց այս քայլերը չհամաձայնեցնել ղեկավարության, կամ որ նույնն է՝ Գագիկ Ծառուկյանի հետ: Հաշվի առնելով այդ կուսակցության հիերարխիան և ներքին հարաբերությունները, գրեթե բացառված է, որ նման ակցիաներին ԲՀԿ-ականները միանան «ինքնաբուխ»:

Այսինքն՝ ԲՀԿ-ն տրանսպորտի ուղեվարձի դեմ բողոքի ակցիային միանալու քաղաքական որոշում է կայացրել, ինչը բավական հետաքրքիր է՝ այս կուսակցության կարգավիճակը հաշվի առնելով: Հիշեցնենք, որ ԲՀԿ-ի՝ քաղաքական դաշտում զբաղեցրած տեղի մասին վերջին պաշտոնական հայտարարությունը հնչել է Գագիկ Ծառուկյանի շուրթերից. նա հայտարարել է, որ ԲՀԿ-ն ընդդիմություն չէ և չի կարող լինել: Սակայն ԲՀԿ-ականները, փաստորեն, միացել են մի նախաձեռնության, որն ուղղված է իշխանության դեմ: Ֆորմալ առումով, իհարկե, բողոքի ալիքն ուղղված է Երևանի քաղաքապետարանի, քաղաքապետ Տարոն Մարգարյանի դեմ:

Սակայն մտածել, որ Տարոն Մարգարյանը կարող էր ուղեվարձի թանկացման մասին որոշում կայացնել առանց ղեկավարության՝ Սերժ Սարգսյանի հավանությունը ստանալու, նույնն է, ինչ մտածել, թե ԲՀԿ-ականներն առանց Գագիկ Ծառուկյանի հավանության կարող էին միանալ բողոքի ակցիային: Այսինքն՝ գործնականում ԲՀԿ-ականները միացել են իշխանության, նաև Սերժ Սարգսյանի դեմ ուղղված պայքարին: Թե ինչ ավարտ կունենան բողոքի ակցիաները, արդյո՞ք կշարունակվեն դրանք, թե՞ կմարեն, այս պահին դժվար է ասել: Սակայն ԲՀԿ-ի միանալն այս ակցիային, հետաքրքիր լինելուց բացի, նաև որոշ հարցեր է առաջացնում: Մասնավորապես՝ արդյո՞ք ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանն՝ ինքը, սեփական խմբակցության պատգամավորներին տրանսպորտի ուղեվարձի թանկացման դեմ արտահայտվելու թույլտվություն ստանալուց առաջ դա համաձայնեցրել է նախագահ Սերժ Սարգսյանի հետ, թե՞ ոչ:

Կամ արդյո՞ք բողոքի ալիքի թեժացման, մասսայական դառնալու դեպքում ԲՀԿ-ն կշարունակի աջակցությունը ակցիայի մասնակիցներին, թե՞ ոչ: Կամ՝ եթե քաղաքացիական նախաձեռնությունների մեկնարկած ակցիաները քաղաքական շարունակություն ստանան ու տեղափոխվեն, դիցուք, Ազատության հրապարակ, ԲՀԿ-ականները կլինե՞ն հարթակում, թե՞ կգերադասեն խորհրդարանական ամբիոնը:

ԲՀԿ-ականները, իհարկե, բոլոր այս և նմանատիպ այլ հարցերին կպատասխանեն ստանդարտ ձևակերպմամբ, թե իրենք «միշտ ժողովրդի կողքին են ու ամեն ինչ անում են ժողովրդի համար»: Սակայն այդ հայտարարությունները վաղուց բավարար չեն ԲՀԿ-ի խոսքին ու գործին հավատալու համար: Ոչ միայն այդ կուսակցության՝ այլընտրանքային խարխափողության, այլ նաև այն պատճառով, որ ԲՀԿ-ականների մեծ մասն իրականում ապրում է նույնպիսի կյանքով, որպիսի կյանքով ապրում են բողոքի ակցիայի թիրախում հայտնված գծատերերը: «Հարգելի քաղաքացի, բոյկոտիր տրանսպորտի գնի թանկացումը, շարունակիր վճարել 100 դրամ ուղեվարձ, և թույլ մի տուր գծատեր օլիգարխներին հարստանալ՝ քո և քո ընտանիքի հաշվին»,- այս կոչով են բողոքի ակցիայի մասնակիցները դիմում քաղաքացիներին:

«Գծատեր օլիգարխները», ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկանի ու այդ կուսակցության շարքերում գտնվող բազմաթիվ գործարարների համեմատ՝ «մանր բիզնեսմեններ» են: Նաև այս իրողություններն են հարցեր առաջացնում ԲՀԿ-ի՝ բողոքի ակցիային միանալու առնչությամբ: Իհարկե, ԲՀԿ ղեկավարությունը բոլոր կասկածները փարատելու կարճ ճանապարհ ունի: Կարող են սեփական ու իրենց թիկնազորի ավտոմեքենաներով միանալ քաղաքացիներին տեղափոխող հանրային գործիչներին ու մարդկանց տեղափոխել, ասենք, Կենտրոն-Ավան և այլ երթուղիներով: Եթե ոչ՝ անվճար, ապա՝ գոնե 100 դրամով:

Տեսանյութեր

Լրահոս