Համակարգչային խաղերի աշխարհահռչակ հայ ծրագրավորողը նոր խաղ է թողարկել (տեսանյութեր, լուսանկարներ)
Համակարգչային խաղերի հայտնի ծրագրավորող, ստեղծող Ալեքս Սերոբյանը (Alex Seropian) համաշխարհային մեծ ճանաչում ունի: Նրա հայրական կողմի պապը և տատն ապրել են Ստամբուլի արվարձաններից մեկում, 1915թ. ցեղասպանությունից հետո տեղափոխվել են ԱՄՆ, Նյու Յորք: Հայրական կողմի պապը Նյու Յորքում սկզբում գորգերի վաճառքով է զբաղվում, այնուհետև՝ լուսանկարչությամբ: Նրա լուսանկարները հրապարակվում են հայտնի «Լայֆ» և այլ ամսագրերում: Իսկ մայրական կողմի պապն Անգլիայում կաշվի արտադրություն ուներ: Ալեքս Սերոբյանի հայրը և մայրը բժշկության ոլորտից էին. Նրանք ծանոթանում են հիվանդանոցում աշխատելու ընթացքում: Հայրը բժիշկ էր, մայրը՝ բուժքույր: Ալեքսը համակարգչային խաղերով սկսում է զբաղվել դեռևս ավագ դպրոցում, այնուհետև՝ քոլեջում ուսանելու տարիներից:
Ալեքս Սերոբյանը Bungie Software Products Corporation-ի համահիմնադիրն է, ինչպես նաև՝ Marathon, Myth, և Halo հայտնի վիդեո խաղերի ծրագրավորողը: Քոլեջում ուսանելու տարիներին նա իր համակուրսեցու՝ Jason Jones-ի հետ միասին Minotaur խաղն է հիմնում: Նրանք դառնում են գործընկերներ: Bungie-ն հետագայում դառնում է հանրաճանաչ Apple Macintosh-ի ամենահայտնի խաղերի ծրագրավորողը՝ մինչև 2001թ., երբ այն գնվեց Microsoft-ի կողմից:
2004թ Սերոբյանը հեռանում է Bungie-ից և ստեղծում Wideload Games-ը: Wideload-ի աշխատակազմը համագործակցում էր արտասահմանյան ընկերությունների հետ, և շուտով թողարկվում են Stubbs the Zombie և Hail to the Chimp վիդեո խաղերը: 2009թ. Disney ընկերությունը գնում է Wideload-ը: Սերոբյանը դառնում է Disney Interactive Studios խաղերի զարգացման վիցե նախագահը և հեռանում պաշտոնից 2012 թվականին՝ հեռախոսների համար նախատեսված խաղերի զարգացման իր ընկերությունը ստեղծելու նպատակով:
Նախքան Չիկագոյի համալսարանն ավարտելը Սերոբյանն ապրում էր հոր հետ: Օրերից մի օր նա երկընտրանքի առջև է կանգնում՝ աշխատա՞նք փնտրել, թե՞ հիմնել սեփական վիդեո խաղերի ընկերությունը: Սերոբյանի հայրը նրան խորհուրդ է տալիս՝ աշխատանքի անցնել փորձառություն ձեռք բերելու համար, սակայն հաջորդ օրը որդին որոշում է հիմնել սեփական ընկերությունը:
Bungie -ի հիմնումը
Սերոբյանի առաջին ստեղծած խաղը Gnopն է: Apple Macintosh էքսկլյուզիվ խաղն անվճար էր, սակայն հաճախորդները խաղի կոդի համար վճարում էին 15 դոլար: 1991թ. Սերոբյանը հաջողությամբ հիմնում է Bungie ընկերությունը և հրատարակում իր առաջին վճարովի խաղը՝ Operation Desert Storm-ը: Նա վաճառում է խաղի 2500 օրինակ: Շուտով Ալեքսը համագործակցում է իր համակուրսեցու՝ Ջասոն Ջոնսի հետ, և թողարկում են Ջոնսի գրեթե պատրաստ Minotaur-ը: Նրանք թողարկում են նաև The Labyrinths of Crete խաղը և վաճառում մոտ 2500 օրինակ: Minotaur-ը թողարկելուց հետո երկու ընկերները սկսում են համագործակցել միմյանց հետ:
Pathways Into Darkness-ի համար Ալեքսն աշխատանքի է վերցնում խմբի 3-րդ անդամին, ով զբաղվում է գրաֆիկական աշխատանքներով: Այս խաղն առաջին եռաչափ տեքստուրայով խաղն էր Mac-ում: 1994թ. Bungie-ի աշխատակազմը համալրվում է ևս վեց աշխատակիցներով և տեղափոխվում Չիկագոյի գրասենյակ: Նրանց հաջորդ խաղը՝ Marathon-ը, զարգանում է՝ ինչպես Pathways-ը, մի քանի մրցանակներ է շահում, և Bungie-ն դառնում է թոփ Mac-ի խաղերի ծրագրավորմամբ զբաղվող ընկերությունը:
Halo-ի Combat Evolved խաղի համար Ալեքս Սերոբյանը նկատում է, որ ընկերությունը պետք է համակցեր ուժգին ձայնը և կինեմատիկան: 2004թ. տվյալներով վաճառվում է Halօ-ի մոտ 4 մլն օրինակ: Սերոբյանը 2002թ. հեռանում է Bungie ընկերությունից:
Շուտով՝ 2004թ., ստեղծում է իր անձնական ստուդիան՝ Wideload Games-ը: Սերոբյանն ուսումնասիրում է ֆիլմերի ինդուստրիան, որոնք էլ օգնում են հետագայում նրա ստեղծագործական գործունեությանը: Wideload-ը թողարկում է 2 խաղ` Stubbs the Zombie in Rebel Without a Pulse-ը և Hail to the Chimp-ը:
2009թ. Disney ընկերությունը գնում է Wideload-ը, և Ալեքս Սերոբյանը դառնում է Disney Interactive Studios-ի գլխավոր տնօրենը: Wideload-ը և Disney-ը սկսեցին աշխատել միասին և հասկացան, որ շատ ընդհանրություններ ունեն: Սերոբյանը հեռացավ Disney-ից 2012թ. և սկսեց դասավանդել՝ որպես խաղերի դիզայներ: DePaul համալսարանը, որտեղ նա դասավանդում է, միակն է, որն առաջարկում է բակալավրի աստիճան խաղերի դիզայնի համար:
2012թ. Սերոբյանը հիմնադրում է Industrial Toys ստուդիան: Այս ընկերությունը նպատակ ունի զարգացնելու հեռախոսային խաղերի ոլորտը: Առաջին խաղը` գիտաֆանտաստիկ Morning Star-ը sci-fi տեխնոլոգիայով, արդեն թողարկվել է այս տարվա գարնանը:
Ի դեպ, «Շանթ» հեռուստաընկերության մեկնաբան Արտյոմ Երկանյանն իր «Աշխարհի հայերը» ծրագրի շրջանակում հանդիպել էր Ալեքս Սերոբյանին: Ներկայացնում ենք նրանց զրույցի տեսանյութը:
Պատրաստեց ՇՈՂԵՐ ԳԱԼՍՏՅԱՆԸ