Նաիրա Զոհրաբյան. Հրաչյա Հարությունյանը այդ ողբերգության 19-րդ զոհն է

ՌԴ-ում ՀՀ քաղաքացի Հրաչյա Հարությունյանի արժանապատվությունն ու իրավունքները ոտնահարելու առիթով ՀՀ-ում բողոքի ալիքը նոր թափ է ստանում, ակցիաներ են անցկացվում: Բեռնատար «Կամազի» վարորդ 47-ամյա Հ. Հարությունյանը, ում մեղադրանք է առաջադրվել հունիսի 13-ին Մոսկվայի Պոդոլսկի շրջանում տեղի ունեցած ողբերգական ավտովթարի կապակցությամբ, դատարան բերման ենթարկվեց կանացի ծաղկավոր խալաթով, ինչը շատերի կողմից որակվեց` որպես ռուսական իշխանությունների վերաբերմունքը ոչ թե տվյալ անձի, այլ` Հայաստանի, ՀՀ իշխանությունների վերաբերյալ: Կարծիքներ եղան, որ միջադեպից հետո հայ-ռուսական հարաբերությունները կարող են էլ ավելի բարդանալ:

Lyudmila sargsyan45Ավելին` ըստ ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Լյուդմիլա Սարգսյանի` տեղի ունեցածը կարող էր միջպետական հարաբերությունների վատթարացման պատճառ դառնալ, եթե դրանք լարված չլինեին: «Հայ-ռուսական հարաբերություններն այսօր բավական լարված են: Դա արտահայտվեց գազի գնի թանկացմամբ, Ադրբեջանին զենք վաճառելու և ռուսական «Ռոսիա» հեռուստաալիքի լրագրողի շեշտադրումների տեսքով, և այլն: Չկան հարաբերություններ` կա ՌԴ, որն ունի իր հստակ պահանջները ՀՀ-ից, և կա ՀՀ, որը դիմադրողականություն չունի: Որովհետև այն իշխանությունը, որը մենք ունենք, ի վիճակի չէ արժանապատվորեն ներկայացնելու խնդիրը, որպես գործընկեր պետություն` կարողանա առաջնորդվել երկրի շահերով: Ասել, որ կարող են վատանալ հայ-ռուսական հարաբերությունները` մեղմ է, որովհետև կա հզոր ՌԴ ու արտաքին մարտահրավերներին դիմագրավելուն ոչ ունակ ՀՀ»,- ասաց նա:

Լ. Սարգսյանի գնահատմամբ, Հ.Հարությունյանի հետ տեղի ունեցած ողբերգական իրադարձությունն ընդամենը ցուցադրում է ՌԴ-ի վերաբերմունքը դեպի ՀՀ-ի գործող իշխանությունները: Ինչ վերաբերում է նրան, որ ՀՀ քաղաքացուն ՌԴ-ի դատարանում ծաղկավոր խալաթով բերեցին նիստին մասնակցելու, որին չհաջորդեց հայրական կողմի ադեկվատ պատասխանը, հայ-ռուսական հարաբերությունները կարող էին ավելի վատանալ, ապա նա ասում է. «Եթե չլիներ հանրային մեծ արձագանքն ու ՄԻՊ հայտարարությունը, ոչ մի իշխանավոր, կարծում եմ, այս մասին անգամ փոքրիկ ակնարկով չէր արձագանքի: Հայտարարություններ, սակայն, պետք է նախագահի մակարդակով արվեին գործընկեր երկրի քայլի մասին»:

Լ. Սարգսյանը նկատեց, որ ՌԴ-ում էմոցիոնալ ֆոնը մեծ է` եղել են անմեղ զոհեր, բայց Հ.Հարությունյանն էլ իր մասով զոհ է: Նրա խոսքով` նա հայտնվել է նման դրության մեջ, որովհետև ՀՀ-ում ապրելու ու վաստակելու հնարավորություն չի ունեցել` ստիպված լինելով իր խնդիրների լուծումը փնտրել ՌԴ-ում: «Մենք մի դեպքի մասին ենք տեղյակ, որ Ղարաբաղյան պատերազմի մարտիկի նկատմամբ նման վերաբերմունք է դրսևորվում` նրան նվաստացնում են, ստորացնում: Իսկ սա, նախ և առաջ` ապտակ է ՀՀ-ին` ՀՀ գործող իշխանություններին` ՌԴ-ի կողմից»,- նշեց նա` ավելացնելով, որ նման ողբերգությունները կլինեն շարունակական` արտագաղթի տեմպերի մեծացմանը զուգընթաց: Միաժամանակ տիկին Սարգսյանն ասաց, թե միջպետական հարաբերությունների վատթարացման հարցում ինքը ՌԴ իշխանություններին չի մեղադրում, որովհետև «մեր մեղքերը մեր երկրում պետք է փնտրենք»: Եթե ՀՀ քաղաքացին ՀՀ-ում է արհամարհված, ապա ինչո՞ւ, ըստ պատգամավորի, ՌԴ-ում նա ավելի մեծ պատվի պետք է արժանանա:

Կարդացեք նաև

Stepan-Safaryan1-e1346699606459«Ժառանգություն» կուսակցության քարտուղար Ստյոպա Սաֆարյանն էլ մեզ հետ զրույցում ասաց, թե միջպետական հարաբերությունները կառուցված են երկու երկրների իշխանությունների վրա, ովքեր, գուցե, չեն ցանկանա իրենց «ծանրաբեռնել» այս միջադեպով` համարելով, որ խնդիր չի եղել: «Եթե ՌԴ-ի կողմից շարունակվի Հ. Հարությունյանի տարրական իրավունքների խախտման շղթան, դա կարող է երկու երկրների հարաբերությունների վրա լուրջ ազդեցություն ունենալ: ՀՀ-ն ընդհանրապես կարող է բանի տեղ չդնել այս միջադեպը: Բայց 2 ժողովուրդների հարաբերությունների միջև այս միջադեպն, անշուշտ, կազդի»,- ասաց նա` ավելացնելով, որ ՀՀ-ն չունի այնքան «համարձակություն», որ ՌԴ-ի առջև խնդիրներ դնի: Ինչ վերաբերում է հայկական կողմի արձագանքին, հետաքրքրվեցինք, թե որքանո՞վ էր այն համարժեք: Ի պատասխան` Ս. Սաֆարյանն ասաց, թե ՀՀ-ի պատասխաններն արդյունավետ չեն կարող որակվել, եթե խնդրի լուծմանը չեն հանգեցնում:

Naira ZohrabyanԱԺ ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանն էլ մեզ հետ զրույցում` անդրադառնալով այն գնահատականներին, որ ՀՀ քաղաքացու հետ տեղի ունեցած միջադեպը կարող է միջպետական հարաբերությունների փոփոխության պատճառ դառնալ, նշեց, որ այս ցավալի դեպքին չէր ցանկանա աշխարհաքաղաքական գլոբալ կոնտեքստ տալ: «Շատ անվայելուչ երևույթ է տեղի ունեցել, երբ ՀՀ քաղաքացուն կանացի խալաթով ու հողաթափերով ուղղակիորեն նվաստացուցիչ կերպով բերել են դատարան, այն էլ` դեղորայքի միջոցով կայուն վիճակի բերելու պայմաններում: Սա ես համարում եմ մարդու իրավունքների կոպտագույն խախտում: Վստահաբար, այն կարծիքին եմ, որ ռուսական պատկան մարմինները, որոնք այս պարագայում ոչ կոռեկտ ու անվայելուչ վարքագիծ են թույլ տվել, պետք է պատասխանատվության ենթարկվեն»,- նշեց Ն. Զոհրաբյանն` ավելացնելով, որ մեզ պետք է հարց տանք, թե ինչո՞ւ ՀՀ քաղաքացին իրեն պետք է «անտեր» զգա ու ՀՀ-ում աշխատանք չունենալու պատճառով` բռնի գաղթի ճանապարհը:

Ըստ նրա` յուրաքանչյուր քաղաքացի իր թիկունքում պետք է պետության աջակցությունը զգա: «Որպես նախկին լրագրող` բացարձակապես ոչ պրոֆեսիոնալ եմ համարում ռուսական որոշ լրատվամիջոցների կանխակալ գնահատականները, որոնք խախտում են անմեղության ցանկացած կանխավարկած` հռչակելով մարդուն հանցագործ: Դատարանն է միայն ի զորու ապացուցելու մարդու մեղքը, և քաղաքացին պետք է պատիժ կրի միայն իր մեղքի համար, ոչ թե լրացուցիչ նվաստացումներ կրի: Ի վերջո, կադրերից անգամ ակնհայտ է, որ վտանգելով իր կյանքը, Հ.Հարությունյանը փորձել է «Կամազ» մեքենան գլխիվայր շուռ տալ, որ խուսափի վթարից»,- շեշտեց նա: Հարցին, թե հայկական կողմը կարո՞ղ է որևէ քայլ ձեռնարկել հարցի լուծման համար, ԲՀԿ խմբակցության քարտուղարը պատասխանեց, որ առաջին հերթին` ՀՀ-ն պետք է պնդի, որ մարդու իրավունքները հարգվեն. «ՌԴ-ի սահմանադրության մեջ նշված է, որ մարդու իրավունքը բարձրագույն արժեք է: Մենք պետք է պահանջենք, որ Հ. Հարությունյանի իրավունքները` որպես մարդու, հարգվեն: Այս գործը պետք է պահենք մեր վերահսկողության տակ: Ես մեծապես ցավում եմ կատարվածի առիթով, բայց պետությունը պետք է ցույց տա, որ տեր է կանգնում քաղաքացու իրավունքներին: Ի վերջո, երբ նայում ես Հ. Հարությունյանի հայացքին, հասկանում ես, որ այդ մարդը այդ ողբերգական միջադեպի 19-րդ զոհն է: Ըստ էության, նա ևս զոհ է»:

ՀԱԿ, «Ժառանգություն», ԲՀԿ ներկայացուցիչներից հետաքրքրվեցինք նաև, թե հնարավո՞ր է, որ իրենց ներկայացրած կուսակցությունները պաշտոնական գնահատական տան տեղի ունեցած միջադեպին: Մեր զրուցակիցներից միայն Ստյոպա Սաֆարյանը նշեց, որ հնարավոր է` «Ժառանգությունն» այս հարցում շուտով հայտարարություն անի, և այս պահին քննարկվում է հնարավոր հայտարարության հարցը: Իսկ Լ. Սարգսյանն ու Ն.Զոհրաբյանը նշեցին, որ իրենք հայտարարությամբ հանդես չեն գա: «Ես չեմ կարծում, որ սա այն հարցն է, որը պետք է քաղաքականացնել, փորձել հայտարարությունների մակարդակով խնդիր լուծել: Դեպքից անմիջապես հետո ես զրուցել եմ ՄԻՊ Կարեն Անդրեասյանի հետ, ու Էլինար Վարդանյանի հետ մենք գործի մանրամասներին պարբերաբար տեղեկանալու համար կապի մեջ ենք օմբուդսմենի հետ»,- ասաց Ն. Զոհրաբյանը: Լ.Սարգսյանն էլ ասաց, որ կուսակցական հայտարարություններն այս հարցի շուրջ անտեղի են. «Ամեն քաղաքական ուժ պարտադիր պաշտոնական գնահատական չպետք է տա: Պաշտոնական գնահատական պետք է տա ՀՀ գործող իշխանությունը: Բացի դրանից, չեմ կարծում, որ ՌԴ-ն սպասում է, որ ՀԱԿ-ը կամ ՀՅԴ-ն պաշտոնական դիրքորոշում հայտնեն, որ իրենք էլ խնդրին ավելի սթափ նայեն: ՌԴ-ն ՀՀ ղեկավարության արձագանքին է սպասելու, որն առայսօր չկա»:

eduard-sharmazanov_0_1Չնայած իշխող մեծամասնության ներկայացուցիչներն իրենց հարցազրույցներում այս միջադեպի առնչությամբ մասնավոր կարծիք հայտնել են, այնուամենայնիվ, իշխանության հասցեին շարունակում են հնչել մեղադրանքներ` համարժեք գնահատականի բացակայության վերաբերյալ: Մեզ հետ զրույցում ԱԺ ՀՀԿ խմբակցության խոսնակ Էդուարդ Շարմազանովն ասաց, որ ինֆորմացիան ամբողջական չէ` իշխանությունները խոսել են այս թեմայով. «ԱԳ նախարարությունը ու դեսպանությունը հայտարարությամբ հանդես են եկել: Արտգործնախարարությունը հայտարարել է, որ փաստաբանների հարցն է լուծվել, ես էլ հայտարարել եմ, որ եթե մեղավոր են, պետք է պատժվեն: Մենք ցավակցում ենք, բայց որևէ մեկն իրավունք չունի ՀՀ քաղաքացու հետ անհարգալից վերաբերվել»: Նա շեշտեց, որ ինքը «շատ նորմալ» գնահատական է տվել` որպես իշխանության ներկայացուցիչ:
«168 ԺԱՄ»

Տեսանյութեր

Լրահոս