ՀԱԿԿ-ն շանտա՞ժի է ենթարկում Ծառուկյանին

Հուլիսի 4-ին ՀԱԿԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանը հայտարարեց, որ նախագահ Սերժ Սարգսյանի հունիսի 28-ի ելույթը ստեղծում է բոլոր հիմքերն Ազգային ժողովում նրա պաշտոնանկության՝ իմպիչմենթի հարցը բարձրացնելու համար: Իհարկե, Լևոն Զուրաբյանը հասկանում է, որ 7 հոգանոց ՀԱԿ խմբակցությունը չի կարող որևէ արդյունքի հասնել այս հարցում, քանի որ նախագահի իմպիչմենթը բավական բարդ գործընթաց է, որի համար պետք է ունենալ խորհրդարանի պատգամավորների երկու երրորդի աջակցությունը:

Ըստ Սահմանադրության 57-րդ հոդվածի, հանրապետության նախագահը կարող է պաշտոնանկ արվել պետական դավաճանության կամ այլ ծանր հանցագործության համար: Կատարե՞լ է նախագահը դավաճանություն կամ այլ ծանր հանցագործություն, կարող է որոշել միայն Սահմանադրական դատարանը: ՍԴ դիմելու և համապատասխան եզրակացություն ստանալու համար խորհրդարանը պետք է համապատասխան որոշում ընդունի, իսկ նման որոշում ընդունելու համար, ըստ նույն 57-րդ հոդվածի` անհրաժեշտ է, որ որոշման օգտին քվեարկի պատգամավորների ընդհանուր թվի մեծամասնությունը՝ 66 պատգամավորներ:

Լևոն Զուրաբյանը հասկանում է, որ խորհրդարանում ընդդիմադիր և այլընտրանքային պատգամավորները միասին ընդամենը 50 ձայն ունեն: Ստացվում է, որ նույնիսկ Սահմանադրական դատարան դիմելու համար անհրաժեշտ որոշումը հնարավոր չէ ընդունել: Էլ ուր մնաց` պաշտոնանկության մասին որոշման ընդունումը, որի համար պետք է պատգամավորներ ընդհանուր թվի երկու երրորդի համաձայնությունը:

Այդ դեպքում ինչի՞ համար է Լևոն Զուրաբյանը որոշել բարձրացնել նախագահի պաշտոնանկության հարցը, եթե ի սկզբանե պարզ է, որ այն հաջողության որևէ հեռանկար չունի: Մտածել, որ ՀՀԿ խմբակցության պատգամավորները կարող են «կողմ» քվեարկել այդ որոշմանը, ոչ թե միամտություն, այլ անմեղսունակություն կլինի:

Այնպես որ, բացառված չէ, որ Լևոն Զուրաբյանն իր այս հայտարարությամբ փորձում է բոլորովին այլ հարցեր լուծել. մասնավորապես` ՀԱԿ-ի ֆինսավորման հետ կապված հարցերը: Մեր ունեցած տեղեկություններով` վերջին շրջանում ՀԱԿԿ-ն բավական լուրջ ֆինասական խնդիրներ ունի: Կուսակցության կենտրոնական գրասենյակը մարզային կառույցներին ֆինանսական միջոցներ հատկացնելու փոխարեն` նրանց հորդորում է անդամավճարները հավաքել և գոյատևել անդամավճարների հաշվին:

Մինչև Երևանի ավագանու ընտրությունները ՀԱԿ-ը որոշակի ծառայություններ էր մատուցում ԲՀԿ-ին` վճարվելով դրա դիմաց: Հիմա ԲՀԿ-ն ՀԱԿ-ի կարիքը չունի, և ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը` լինելով գործարար աշխարհի ներկայացուցիչ, ըստ ԲՀԿ-ական շրջանակներում պտտվող խոսակցությունների, մտադիր չէ վճարել չմատուցվող ծառայությունների դիմաց:

Այդ դեպքում ի՞նչ պետք է անի ՀԱԿ-ը ԲՀԿ-ից գումար կորզելու համար: Ամենապարզ տարբերակը շանտաժն է. իմպիչմենթի հարցը բարձրացնելու տեսքով: Հաշվարկը շատ պարզ է. եթե իրենք խորհրդարանում բարձրացնում են իմպիչմենթի հարցը, ԲՀԿ-ն հայտնվում է չափազանց դժվարին կացության մեջ: ԲՀԿ-ականների ճնշող մեծամասնությունը չի կարող և չի ցանկանա կողմ քվեարկել Սերժ Սարգսյանի պաշտոնանկության հարցով Սահմանադրական դատարան դիմելու որոշմանը, քանի որ այդ դեպքում իրական խնդիրներ կունենա իշխանության հետ: Իսկ եթե ԲՀԿ-ն չի քվեարկում այդ որոշման օգտին, ապա ստացվում է, որ այս կուսակցությունը չի ցանկանում Սերժ Սարգսյանի պաշտոնանկությունը, և նրա ընդդիմադիր դիրքորոշման մասին միֆն ընդհանրապես ոչնչանում է:

Նման երկընտրանքից խուսափելու միակ հնարավորությունը այն է, որ ՀԱԿ-ը հրաժարվի իմպիչմենթի հարցը խորհրդարանի օրակարգ մտցնելուց: Իսկ ՀԱԿԿ-ը դա կարող է անել միայն մի դեպքում. եթե ԲՀԿ-ն շարունակի ՀԱԿԿ-ի ֆինանսավորումը: ԲՀԿ-ին չխայտառակելը ևս ծառայություն է, և այդ ծառայությունը ևս համարժեք փոխհատուցում է պահանջում:
Լևոն Զուրաբյանը չի հստակեցնում, թե երբ է ՀԱԿ-ը իմպիչմենթի հարցը մտցնելու խորհրդարան, և հնարավոր է՝ երբեք էլ չհստակեցնի: Այդ դեպքում հնարավոր կլինի ասել, որ գործարքը կայացել է:
«168 ԺԱՄ»

Տեսանյութեր

Լրահոս