Բաժիններ՝

ՏՄՊՊՀ-ին կհաջողվի՞ այն, ինչը չհաջողվեց Ծառուկյանին

Հայաստանի իշխանությունը չկարողացավ ազդել «Գազպրոմի» վրա և թույլ չտալ գազի գնի բարձրացում: Հիմա իշխանության առանձին օղակներ փորձում են ադմինիստրատիվ միջոցներով թույլ չտալ գազի գնի բարձրացման հետևանքով այլ ապրանքների և ծառայությունների թանկացումը: Մասնավորապես, գազալցակայանների մի քանի սեփականատերեր մեզ պատմեցին, որ օրերս իրենց պատկանող գազալցակայաններ են այցելել Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի աշխատակիցներ, և առաջարկել վաճառվող գազի գինը 200 դրամից իջեցնել 190 դրամի:

Մինչև գազի գնի հուլիսյան թանկացումը գազալցակայանների հիմնական մասում գազի մեկ խորանարդ/մետրն արժեր 160 դրամ, իսկ հուլիսի 7-ից այն դարձել է 200 դրամ: Գազալցակայանի սեփականատերերին այս առաջարկ-պահանջը մի փոքր տարօրինակ է թվացել, քանի որ ՏՄՊՊՀ-ի խնդիրների մեջ չի մտնում գազի կամ այլ ապրանքների կամ ծառայությունների միասնական գնի սահմանումը: Ընդհակառակը` հանձնաժողովը պետք է հետևի, որ տնտեսվարողների միջև չկայանան հակաշուկայական համաձայնություններ՝ միասնական գին սահմանելու շուրջ: Գազալցակայանների սեփականատերերը պնդում են, որ գազի նոր գինը սահմանվել է ոչ թե կամայականորեն, կամ, ինչպես փորձում են ներկայացնել, գերշահույթ ստանալու մղումներից ելնելով, այլ որոշակի հաշվարկների հիման վրա: Գազալցակայաններում վաճառվող գազի գինը թանկացել է ոչ միայն գազի, այլ նաև էլեկտրաէներգիայի թանկացման արդյունքում: Գազալցակայանների կոմպրեսորները մեծ քանակությամբ էլեկտրաէներգիա են սպառում, և դա չի կարող չներառվել վաճառվող գազի գնի մեջ:

Մեր զրուցակից գազալցակայանի սեփականատերն ասում է, որ երբ ինքը հետաքրքրվել է, թե ինչու են առաջարկում հենց 190 դրամը, հետևել է պատասխան, որ իրենք ցանկանում են իջեցնել արդեն ձևավորված սակագինը: Այսինքն` հանձնաժողովը ցանկանում է ցույց տալ, որ իր գործունեության արդյունքում հաջողվել է իջեցնել գազի սակագինը: Ցույց տալ, որ ագահ գազալցակայանատերերը ցանկանում էին գերշահույթ ստանալու նպատակով անվերահսկելիորեն բարձրացնել գազի գինը, բայց հանձնաժողովը հանուն մեր ժողովրդի բարեկեցության` իջեցրեց սակագինը. «Բարձրացումն եղավ ի շահ ժողովրդի»,- ինչպես կասեր Գագիկ Բեգլարյանը: Մեր այն հարցին, թե ինչու են Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի աշխատակիցներն այցելում գազալցակայաններ և առաջարկում 10 դրամով իջեցնել վաճառվող գազի գինը, և ի՞նչ հիմունքներով է հաշվարկվել առաջարկվող 190 դրամը, ՏՄՊՊՀ մամուլի քարտուղար Գայանե Սահակյանն ասաց. «Հանձնաժողովը շարունակում է ուսումնասիրություն իրականացնել գազալցակայաններում, և այդ ուսումնասիրությունները դեռ չեն ավարտվել:

Միայն այդ ուսումնասիրությունների ավարտին մենք կարող ենք ասել, թե ինչպիսին է գազի ողջամիտ սահմանը: Այդ ուսումնասիրության ավարտից հետո է, որ հնարավոր կլինի ասել, թե գազի գնի բարձրացումը կատարվել է ողջամիտ սահմաններո՞ւմ, թե՞ ոչ: Հանձնաժողովը գազի գին սահմանելու լիազորություն չունի և Հայաստանում գնագոյացումը կատարվում է շուկայական մեխանիզմների կիրառմամբ»: Գայանե Սահակյանը տեղեկացրեց նաև, որ ուսումնասիրության արդյունքները պարզ կդառնան արդեն այս ուրբաթ:
Չնայած Գայանե Սահակյանն ասում է, որ ՏՄՊՊՀ-ն գազի գին սահմանելու լիազորություն չունի, սակայն միաժամանակ նշում է, որ հանձնաժողովը կարող է որոշել, թե որն է գազի ողջամիտ գինը: Եթե հանձնաժողովը որոշի, որ ողջամիտ գինը 190 դրամն է 1 խ/մ-ի գազի համար, ապա այն գազալցակայանները որոնք գազը կվաճառեն 10 դրամով ավելի թանկ, կհայտնվեն ողջամտության սահմաններից դուրս: Ի՞նչ պետք է անել նման տնտեսվարողների հետ. միայն մի բան նրանց վերադարձնել դեպի ողջամտություն` ադմինիստրատիվ լծակների կիրառմամբ:

Կարդացեք նաև

Հայաստանի գազալցակայանների միջև կա բավական լուրջ մրցակցություն, ինչի արդյունքում գազի գինը բավական ցածր է: Գազի գնի նախորդ թանկացումից հետո, երբ գազալցակայանների որոշ տերեր, նկատի ունենալով այդ մրցակցությունը, չբարձրացրեցին գազի գինը, ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը (ով գազալցակայանների ցանցի խոշոր սեփականատեր է) հավաքել էր գազալցակայանների սեփականատերերին և հորդորել նրանց գազը վաճառել ավելի թանկ գնով, որպեսզի իրենց շահույթը չնվազի: Գազալցակայանների տերերը համաձայնել էին, բայց քանի որ կար մրցակցություն, այդ համաձայնությունը հնարավոր չեղավ պահել, և մեկ շաբաթ անց որոշ գազալցման կայաններում գազը վաճառվում էր ավելի ցածր գնով, քան սահմանել էր Ծառուկյանը:

ՏՄՊՊՀ-ը փոխանակ զբաղվի այն ոլորտներով, որտեղ ակնհայտ մենաշնորհ կա, և այդ մենաշնորհը չարաշահվում է, զբաղվում է այնպիսի ոլորտներով, որտեղ կա մրցակցություն, և հնարավոր չէ հակամրցակցային համաձայնությունների կայացումը: Հայաստանում ամեն ինչ «թարս» է, և հանձնաժողովը չէր կարող բացառություն լինել:

«168 ԺԱՄ»

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս