Ինչո՞ւ 1941 թվականին ձախողվեց Վերմախտի «բլիցկրիգը» Խորհրդային Միության դեմ. Die Welt
Գերմանական Die Welt պարբերականում հրապարակվել է Բեռտոլդ Զեևալդի «Ինչո՞ւ ձախողվեց «բլիցկրիգը» ռուսների դեմ» խորագրով հոդվածը, որում նշված է. «Մինչև Մոսկվա մնում էր 1100 կիլոմետր:
Վերմախտի տանկերը 1941 թվականի ամռանն օրական մի քանի տասնյակ կիլոմետր տարածություն էին հաղթահարում արևելյան ուղղությամբ: Սակայն շուտով այդ կամպանիան դանդաղեց, և ընդհանրապես ավարտվեց աղետով:
1941 թվականի հուլիսի 3-ին` Խորհրդային Միության վրա Գերմանիայի հարձակվելուց 12 օր անց, գերմանական շտաբի պետ Ֆրանց Գալդերն իր օրագրում գրել է. «Ես կարծում եմ, որ խիստ չափազանցություն չի լինի ասելը, որ Ռուսաստանի դեմ արշավը հաղթանակով կավարտվի 14 օր անց»:
Ընդ որում, նա հավելել է. «Բնականաբար, պատերազմը չի ավարտվի դրանով: Հաշվի առնելով Ռուսաստանի չափերը և ռուսների համառությունը, որոնք դիմադրելու են բոլոր հնարավոր միջոցներով` մեր ուժերին կպահանջվի դեռ ոչ քիչ թվով շաբաթներ»:
Գալդերն այս ամենը գրել է` գտնվելով Բելոստոկի ու Մինսկի համար մղված ճակատամարտի ֆոնին, ուր գերմանական երկու տանկային բանակներ «կաթսայի» մեջ են գցել խորհրդային չորս բանակների: Գերի վերցվեց ավելի քան 320.000 զինվոր, ոչնչացվեց ավելի քան 3000 տանկ:
Արդեն հուլիսի 9-ին Սմոլենսկի վրա հարձակմամբ մեկնարկեց Վերմախտի ուժերի առաջխաղացումը դեպի Դնեպր: Այնտեղից մինչև Մոսկվա մնում էր ընդամենը 370 կիլոմետր: Մինչ այդ գերմանական հրամանատարությունը վստահ էր Խորհրդային Միության դեմ բլիցկրիգի սեփական ռազմավարության ճշմարտացիության մեջ:
Դեպի արևելք տանկային ուժերի առաջխաղացումը սահմանափակում էր միայն հետևակային դիվիզիաների դանդաղ տեմպը: Սակայն վերջիններիս առաջ կանգնած էր Խորհրդային Միության արևմտյան շրջաններում կենտրոնացած խորհրդային ուժերի մնացորդների վերացման առաջադրանքը, և նրանք չէին հասցնում զրահատեխնիկայի հետևից:
Շատ պատմաբանների սիրելի թեման է, թե ինչու հաջողությամբ չպսակվեց բլիցկրիգը: Ընդ որում, չափազանց պարզ էր այդ ձախողումը պարզապես բացատրել մեծ հեռավորությամբ, նյութական ապահովման անբավարարությամբ կամ Վերմախտի հրամանատարության ռազմավարական սխալներով: Մի շարք գործոններ հանգեցրին գերմանական ռազմական մեքենայի կործանմանը:
Ռուսական տարածքները հաստատապես չդարձան գերմանական տապալման պատճառ: Մոլոտով-Ռիբենտրոպ պակտի ստորագրումից հետո օկուպացված Լեհաստանում սահմանագծված ուղղուց, որը, ըստ էության, Երրորդ ռեյխի ու Խորհրդային Միության սահմանն էր, մինչև Մոսկվա հեռավորությունը կազմում էր ընդամենը 1100 կիլոմետր:
Մոտ նման ձգվածություն ուներ այն ռազմաճակատը, որին երեք զորախմբի կազմում 1941 թվականի հունիսի 22-ին մոտեցան 160 գերմանական դիվիզիաներ: «Կենտրոն» բանակների խմբի տրամադրության տակ էր տանկային չորս խմբերից երկուսը: Նրա նպատակը Մոսկվան էր:
Այն ժամանակ, երբ տանկային դիվիզիաներն օրական հաղթահարում էին տասնյակ կիլոմետրեր, հետևակը, տեղաշարժվելով ոտքով և ձիերով, չէր հասցնում նրանց հետևից: Վերմախտի էլիտար ստորաբաժանումներից 7-րդ հետևակային դիվիզիայի զինվորներից մեկը գրել է. «Քայլել, քայլել, 14 օր շարունակ քայլել: Ես այլևս ի վիճակի չեմ»:
Իրավիճակը բարդանում էր նաև նրանով, որ դեպի արևելք իրականացրած յուրաքանչյուր քայլով մշտապես ընդլայնվում էր ռազմաճակատը: Շուտով յուրաքանչյուր դիվիզիայի ռազմական գործողությունների գիծը հասավ 50 կիլոմետրի, և այդ ամենն իրականացվում էր ճամփախափանքի ծանրագույն պայմաններում:
Շուտով ի հայտ եկան առաջին խնդիրները` կապված լոգիստիկայի հետ: Լավագույն դեպքում դիվիզիաների միայն կեսն ուներ ժամանակակից զենք և բավական քանակությամբ տրանսպորտային միջոցներ:
Մնացյալ մարտիկները ստիպված էին լինում բավարարվել ավարային զենքերով ու հակառակորդի զինվորների թողած տրանսպորտով: Շուտով դեֆիցիտ դարձան առաջին անհրաժեշտության այնպիսի առարկաներ, ինչպիսիք են գուլպաները:
Չպետք է մոռանալ նաև այն, որ Վերմախտի ուժերն առաջ էին շարժվում ոչ ամայի տարածքներով. Ստալինի հրամանով սահմանամերձ շրջաններում կենտրոնացվել էր մինչև երեք միլիոն զինվոր: Նա դա արել էր` ելնելով նրանից, որ Գերմանիան կամ մեկ այլ կապիտալիստական երկիր տեսանելի ապագայում հարձակվելու է Խորհրդային Միության վրա:
Բացի այդ, խորհրդային զինվորական հրամանատարությունն օժտված էր գրեթե անսահմանափակ մարդկային ու նյութական պաշարներով: Սակայն ո՛չ դեպի արևելք ընթանալու արագությունը, ո՛չ էլ զորքերի ապահովված լինելը բավական չէին նրա համար, որ կարճ ժամանակում հասնեին Մոսկվային:
Զորքերի թվակազմը նույնպես փոքր էր: Օգոստոսին ակնհայտ դարձավ, որ ուժերը չեն բավականացնում միաժամանակ դեպի Կիև ու Մոսկվա ընթանալու համար: Տանկային դիվիզիաները, որոնք պետք է շարժվեին դեպի խորհրդային մայրաքաղաքի ուղղությամբ, հարկադրված եղան մասնակցել Կիևի համար մղված ճակատամարտին, որում Կարմիր բանակը կորցրեց 665.000 զինվոր:
Միևնույն ժամանակ գերմանական այն հետևակային դիվիզիաները, որոնք պետք է Ելնիայից (Սմոլենսկից հարավ) ներքև ապահովել Կիևի օպերացիային, բախվեցին մեծ խնդիրների սեփական դիրքերի պաշտպանության ժամանակ:
Պատերազմի սկսվելուց հետո առաջին անգամ գերմանական ճակատային ամփոփումներում հիշատակվեց «հետադարձ շարժում» բառակապակցությունը. այլ կերպ ասած` դա նշանակում էր նահանջ:
Սեպտեմբերի վերջին գերմանական հրամանատարությանը մնացել էր հետագա գործողությունների ընդամենը երկու տարբերակ. կա՛մ շուտափույթ պատրաստվել ձմռանը, կա՛մ անհապաղ հարձակում սկսել Մոսկվայի ուղղությամբ:
Գերմանական զորքերը վերստին ստիպված եղան մի քանի օրվա ընթացքում ձեռնարկել բազմակիլոմետրանոց արշավ խորհրդային մայրաքաղաքի ուղղությամբ: Սակայն հետագայում եղանակը վատթարացավ և անհար դարձավ ամեն տիպի առաջխաղացումը: Իսկ շուտով ընդհանրապես սկսվեց ձմեռը, և դեկտեմբերի 5-ին խորհրդային բանակն անցավ հակահարձակման:
Սակայն անգամ եղանակային պայմաններն ու Կարմիր բանակի քանակական գերազանցությունը միայն մասնակիորեն բացատրում են Վերմախտի ձախողումը: Բլիցկրիգի մասին երազանքը դարձավ մղձավանջ: Սկզբունքորեն գերմանական զորքերը դարձան սեփական ինքնաներշնչման զոհը` վստահ լինելով նրանում, որ 1940 թվականին Ֆրանսիայում հաղթական արշավից հետո իրենք ունակ են ամեն ինչի:
Ընդ որում, Արևմտյան արշավի արագությունը պատահական էր: Գեներալ Էրիխ ֆոն Մանշտեյնը պլանավորել էր տանկային ռիսկային արշավ Արդենների լեռների միջոցով: Հիտլերը, չնայած շտաբի բազմաթիվ անդամների առարկություններին, իրագործեց այդ նախագիծը:
Մնացյալն ապահովել է քարոզչության գեբբելսյան ծառայությունը` հայտարարելով, որ անսպասելի «կայծակնային հաղթանակը» հնարավոր դարձավ մտածված ռազմական հայեցակարգի շնորհիվ: Իրականում Երրորդ ռեյխն օժտված է եղել բավական սահմանափակ պաշարներով: Նրա արդյունաբերությունը պատրաստ չէր պատերազմին:
Խնդիրներ կային թե՛ վառելանյութի ապահովման, թե՛ արտադրական հզորությունների, թե՛ տեխնոլոգիաների հետ: Իր դերը խաղաց նաև այն փաստը, որ Գերմանիան միաժամանակ պատերազմում էր Մեծ Բրիտանիայի դեմ, որի նկատմամբ հաղթանակը դեռ շատ հեռու էր:
Սակայն Բեռլինում դեռ թարմ էին հիշողություններն Առաջին համաշխարհային պատերազմի մասին, երբ գերմանական զորքերին հաջողվեց արևելքում նվաճել վիթխարի տարածքներ, մինչդեռ արևմուտքում կողմերը մղում էին դիրքային պատերազմ:
Այդ հիշողությունները պլանավորված Արևելյան կամպանիայի գաղափարական նախապատրաստության հետ համադրությամբ առաջացրին գոռոզության ու արհամարհանքի խառնուրդ խորհրդային բանակի հանդեպ, որին գերմանացիները չէին համարում լիարժեք հակառակորդ:
Թվում էր, թե առաջին հաջողությունները հաստատեցին գերմանական հրամանատարության ճշմարտացիությունը: Այսպես ձմեռային հանդերձանքը թողնվել էր Լեհաստանի պահեստներում, քանի որ Արևելյան կամպանիան պետք է ավարտվեր դեռ մինչև աշնանային հարձակումը:
Երբ այդ ակնկալիքները չարդարացան, պարզվեց, որ գերմանական զորքերին բառացիորեն չէր բավականացնում ամեն ինչ, ինչը կարող էր անհրաժեշտ լինել: Վերմախտի ուժերը խրվեցին սահմանից հազար կիլոմետր հեռավորության վրա` իր դեմ ունենալով բոլոր կետերով իրեն գերազանցող հակառակորդին: Զինվորները, որոնք պետք է գրավեին Մոսկվան, իրականում անգամ չեն ունեցել ձեռնոցներ»: