Դեղարտադրություն. Մրցակցությունը թե՛ դրսում է, թե՛ ներսում
Դեղագործության զարգացումը բավականին մեծ պոտենցիալ ունի Հայաստանում: 2012-ին շուրջ 15 դեղարտադրողների կողմից թողարկվել է մոտ 3.8 մլրդ դրամի արտադրանք (2011-ի համեմատ աճը` 6.8%), 2013-ի հունվար-մայիսին` 1.9 մլրդ դրամ (աճը` 29.3%):
Ներկայում արտահանվում է ոլորտի արտադրանքի մոտ 50%-ը, արտահանման տարեկան միջին աճը 2003-ից սկսած կազմել է 24%, իսկ անցած տարի` ավելի քան 40%, որի մեծ մասը` ԱՊՀ երկրներ: Հայրենական արտադրողներին աջակցելու և արտահանման ծավալներն ու աշխարհագրությունն ընդլայնելու նպատակով ՀՀ կառավարությունը դեղագործությունն ընդգրկել է Արտահանմանն ուղղված արդյունաբերության զարգացման ռազմավարության մեջ: Արդյունաբերության զարգացման հիմնադրամի տնօրեն Հայկ Միրզոյանը երեկ լրագրողների հետ հանդիպման ժամանակ տեղեկացրեց, որ հուլիսի 21-27-ը պետություն-մասնավոր համագործակցությամբ կանցկացվի համաժողով, և արտերկրյա մատակարարներին կծանոթացնեն տեղական արտադրանքին:
Դեղագործության առավել մեծ տեմպերով աճին, ըստ ոլորտի ներկայացուցիչների, կնպաստի որակի սերտիֆիկացման համակարգերի ներդրումը: Կառավարության 2010թ. որոշման համաձայն` հայկական բոլոր դեղագործական ընկերությունները 2013թ. հունվարի 1-ից պետք է անցնեն եվրոպական GMP չափանիշների հավաստագրման պրոցեսը` «Լիկվոր» ՓԲ ընկերությունն արդեն դիմել է հավաստագիր ստանալու համար: Ընկերության տնօրեն Սերգեյ Մաթևոսյանը «168 Ժամին» ասաց, որ այդ հավաստագիրը միայն առաջին քայլն է, և դեռ չի նշանակում, որ ընկերությունը կարող է ազատորեն դեղորայք արտահանել, օրինակ՝ Եվրոպա: Ըստ նրա՝ դրա առկայությունը եվրոպական երկրների համար նշանակում է, որ պետությունը երաշխավորում է տվյալ ընկերության արտադրանքի որակը, նրա հետ կարելի է աշխատել, բայց ամեն մի երկիր առանձին աուդիտ է անցկացնում ընկերությունում, մինչև թույլատրում է դեղորայք առաքել իր երկիր:
«Վիտամաքս-Ե» ՍՊ ընկերության գլխավոր տնօրեն Էդուարդ Դիլանյանի կարծիքով` հարկավոր է շատ զգուշությամբ մոտենալ հայկական դեղարտադրողների միջազգային վարկին, փայփայել «հայկական ապրանք» անվանումը: Նրա խոսքով՝ եթե ՀՀ ընկերություններից որևէ մեկի արտադրանքը միջազգային ասպարեզում ճանաչում է ձեռք բերում, ապա դա իր հերթին` ճանապարհ է բացում մյուսների համար, բարձրացնում է վստահությունը:
Դեղագործության ոլորտում մրցակցությունն ամբողջ աշխարհում շատ մեծ է, շուկան հագեցած է, և միայն դեղ արտադրելը քիչ է, պետք է կարողանալ այն արտահանել, դիրքավորվել ու պահել շուկաները: «Լիկվորի» տնօրեն Սերգեյ Մաթևոսյանի խոսքով` հայկական արտադրողները մրցում են միջազգային խոշոր ընկերությունների հետ: Ընդ որում, այդ մրցակցությունը ոչ միայն դրսում է, այլև երկրի ներսում: Հայ սպառողը գերադասում և ավելի շատ վստահում է արտասահմանյան դեղորայքին: ՀՀ-ում տեղական արտադրության դեղերը գրավում են շուկայի ընդամենը 10%-ը, մինչդեռ աշխարհում ընդունված է, որ մոտ 25%-ը պետք է լինի: Այս առումով հետաքրքրական և որոշ առումով «սփոփիչ» է, որ Ադրբեջանում դեղարտադրությունը 0 է, 100%-ով ներմուծվում է:
«Դեղամիջոցները ոչ միայն վաճառքի պարագա են, այլ նաև երկրի համար ռազմավարական նշանակություն ունեն: Իսկ ինքներդ եք հասկանում, որ մեր նման երկիրը, որ շրջապատված է «բարեկամական» երկրներով, շատ կարևոր է, որ տեղական արտադրողը կարողանա կրիտիկական պահին ապահովել մեր առաջնային կարիքները»,- ասաց ՀՀ դեղարտադրողների և ներմուծողների միության նախագահ Սամվել Զաքարյանը՝ հավելելով, որ բոլոր դեղերը` թե՛ ներմուծվող, թե՛ արտադրվող, անցնում են նույն փորձաքննությունը, հետո միայն մտնում շուկա:
Ընդհանրապես, դեղերի առաջնային մատակարարները բժիշկներն են: Գաղտնիք չէ նաև, որ մեր երկրում բժիշկների հետ ինտենսիվ աշխատում են արտերկրյա հզոր ընկերությունները՝ «Գեդեոն Ռիխտեր» և այլն, որոնք ամեն կերպ խրախուսում են բուժաշխատողներին՝ իրենց արտադրանքի հանդեպ հատուկ ուշադրություն դրսևորելու համար: Մեր հարցին ի պատասխան` ի՞նչ են անում տեղական արտադրողներն` այս մրցակցությանը դիմանալու համար, Ս.Զաքարյանը հավաստիացրեց, որ ընկերություններն ունեն մարքետինգային բաժիններ, որոնց աշխատակիցները թրեյնինգներ են անցնում նաև այլ երկրներում, փորձված են ու ետ չեն մնում մյուսներից: Վկան՝ ոլորտի աճը: