Կոնստանտին Զատուլին. Երևանի ընտրությունը՝ հօգուտ եվրոպական PR-կամպանիայի, հղի է անկանխատեսելի հետևանքներով

«Եվրոպական կառույցների անհանգստությունը՝ կապված եվրասիական ինտեգրացիայի համատեքստում հայ-ռուսական հարաբերությունների հետագա զարգացման հետ, փաստ է»,- այդ մասին ռուսական «Ռեգնում» գործակալության թղթակցին ասել է ՌԴ Պետդումայի նախկին պատգամավոր, ԱՊՀ երկրների ինստիտուտի տնօրեն Կոնստանտին Զատուլինը։

Նա հիշեցրել է, որ մեկ-երկու տարի առաջ մի շարք եվրոպացի դիվանագետներ հերթով ելույթներ էին ունենում՝ բավականին արհամարհական գնահատականներ հնչեցնելով եվրասիական ինտեգրացման նախագծերի վերաբերյալ և Հայաստանին «զգուշացնելով» Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի և հնարավոր է՝ Ուկրաինայի հետ ինտեգրվելու «անհեռանկարայնության» մասին։ Ստորև ներկայացնում ենք Զատուլինի տեսակետներն արտահայտող հոդվածն ամբողջությամբ:

«Հայաստան-ԵՄ Ասոցացման համաձայնագրի նախաստորագրումը, որը նախատեսվում է աշնանը, անցաթուղթ է դեպի Եվրամիության ընդունարան։ Սակայն այդ փաստաթուղթը՝ որպես այդպիսին, իրավահավասար չէ։ Եվրոպացի չինովնիկները կաշվից դուրս են գալիս՝ ապացուցելու համար, որ ոչ իրավահասարությունը, գործընկեր երկրների հանդեպ ԵՄ-ի կողմից կիրառվող քաղաքական, տնտեսական և այլ բնույթի սահմանափակումները դեպի եվրոպական արժեքներ տանող ճանապարհն են։ Իրականում առաջ տանելով ազատ առևտրի հարցը (որը միանշանակ ձեռնտու է Եվրամիությանը, և ոչ միշտ՝ համաձայնագիրը ստորագրել պատրաստվող երկրներին), Եվրամիությունն առևտուր է անում ոչ թե կոնկրետ ցուցանիշներով, այլ գործընկերի ձգտումներով՝ դեպի եվրոպական արժեքները»,- ասել է Զատուլինը։
Դրան զուգահեռ, ըստ փորձագետի՝ եվրոպացիները պիտակավորում են Ռուսաստանի և նրա դաշնակիցների ցանկացած նախաձեռնություն՝ անվանելով այն անցյալը վերադարձնելու և ԽՍՀՄ-ը վերականգնելու փորձ, հայտարարում են, որ Ռուսաստանը ցանկանում է վերադարձնել կորսված ազդեցությունը, որ այդ ամենն անհեռանկար հավակնություններ են, և այլն։
«Հասկանալի է, որ նոյեմբերի մոտենալուն զուգահեռ, երբ նախատեսված է «մեծ տոնը» Վիլնյուսում, իրավիճակը սրվում է։ Ռուսաստանը սկզբում ուշադրություն չէր դարձնում իր դաշնակիցների (օրինակ՝ ՀԱՊԿ-ի գծով) և Եվրամիության հարաբերությունների զարգացման վտանգներին, սակայն այժմ չի կարող աչք փակել այդ ամենի վրա։ Եվրամիության առաջնորդների հայտարարությունները Ռուսաստանին այլ ընտրություն չեն թողնում։ Ուկրաինայի օրինակով կարելի է հիշել, որ գրեթե բոլոր եվրոպական էմիսարները, այդ թվում՝ ամենագլխավորը՝ Եվրահանձնաժողովի նախագահ Ժոզե Մանուել Բարոզուն, հայտարարում էին, որ ցանկացած տիպի մասնակցությունը Մաքսային միությանն անհաղթահարելի խոչընդոտ է Խորը և համապարփակ առևտրի մասին համաձայնագիրը ստորագրելու ճանապարհին։ Հենց նրանք են հարցն այսպես կտրուկ դրել, ոչ թե ռուսական կողմը՝ մթագնելով ոմանց ուղեղները։ Թվում էր՝ հարցն արտաքին քաղաքականությանն է վերաբերում, և տնտեսական կողմնորոշումը կանխորոշված է պատմությամբ՝ դեռ Գյուլիստանի պայմանագրի ժամանակներից, որի երկուհարյուրամյակն, ի դեպ, նշվելու է Արևելյան գործընկերության գագաթաժողովից մեկ ամիս առաջ։ Սակայն Հայաստանում ոչ բոլորն են այսկերպ մտածում»,- հիշեցրել է Զատուլինը։
Այդ «ոչ բոլորի» թվում Զատուլինն առանձնացրել է երկրի վարչապետ Տիգրան Սարգսյանին։ «Ե՛վ Հայաստանի կառավարության ղեկավարը, և՛ գործադիր իշխանության առանձին ներկայացուցիչներ բավական հաճախ արտահայտվել են եվրոպական, և ոչ թե եվրասիական ինտեգրացիայի օգտին։ Նրանք կասկածելու տեղ չեն թողել, որ եթե կանգնեն ընտրության առջև, ապա նախապատվությունը կտան եվրաինտեգրացիային։ Իսկ մշուշայնության, անորոշության և «բացատրության կարիք ունեցող նրբությունների» մասին խոսակցություններն ընդամենը խորամանկություն են։ Մինչդեռ ամեն ինչ բավականին պարզ է. օրակարգում գտնվում են տնտեսական, քաղաքական, էներգետիկ հարցեր և դրանց գծով փոխգործակցություն՝ այս կամ այն ձևաչափով»,- ընդգծել է նա։
«Արևելյան գործընկերության» անդամ երկրներին իր կողմը «քաշելու» Եվրամիության ջանքերը Զատուլինը բացատրել է պարզ մրցակցությամբ։ «Արևմուտքը մրցակցում է Ռուսաստանի հետ՝ ձգտելով խոչընդոտել եվրասիական տիրույթում ցանկացած նախաձեռնություն։ Ոչ ոքի, անգամ խելագարի մտքով չի կարող անցնել, որ Եվրամիությունը պատրաստվում է ընդունել Ուկրաինային, Մոլդովային կամ Հայաստանին, քարշակի դեր ստանձնել թույլ տնտեսությունների համար՝ այն էլ լուրջ ֆինանսական ճգնաժամի պայմաններում։ Այդ մասին Եվրոպայում ոչ ոք չի մտածում՝ ոչ կարճաժամկետ հեռանկարում, ոչ էլ ինչ-որ միջին ժամկետների շրջանակներում։ Սակայն ինտեգրացիային խանգարելու համար Բրյուսելը PR-կամպանիա է սկսել, քաղաքական-դիվանագիտական ճնշում է գործադրում «Արևելյան գործընկերների» նկատմամբ, իսկ նրանց էմիսարները խմբերով այցելում են այն երկրներ, որոնց հետ բանակցություններ են ընթանում։ Նպատակը մեկն է՝ քայքայել ԱՊՀ երկրների ընդհանուր տնտեսական տարածքը»,- նշել է Զատուլինը։
ԱՊՀ երկրների ինստիտուտի տնօրենի կարծիքով՝ հատկապես Հայաստանի պարագայում իրավիճակն առանձնանում է իր բնույթով։ «Այս երկիրն այսօր գտնվում է բավականին բարդ իրավիճակում, և ցանկացած պահի կարող է ռազմական, քաղաքական օգնության կարիք առաջանալ։ Երևանում չպետք է կասկածեն, որ անվտանգության երաշխիքներ իրենց տալիս է ոչ թե Եվրամիությունը, այլ Ռուսաստանը, այդ թվում՝ ՀԱՊԿ շրջանակներում փոխադարձ պարտավորությունների համատեքստում։ Հայաստանի այն քաղաքական գործիչները, ովքեր հրաժարվում են լուրջ դիտարկել եվրասիական ինտեգրացիայի տարբերակը, հավանաբար՝ ենթադրում են, որ անվտանգության հարցերում Հայաստանին պետք է օգնի Ռուսաստանը, իսկ տնտեսական առումով՝ իրենք պետք է գնան Եվրամիություն։ Ինձ մինչև վերջ հասկանալի չէ՝ ինչո՞ւ է նրանց թվում, որ Ռուսաստանում դա մեզ չպետք է անհանգստացնի»,- ասել է Զատուլինը՝ ընդգծելով, որ չի պատրաստվում թաքցնել. այնպիսի մեծ և բարդ երկրում, ինչպիսին Ռուսաստանն է, արտաքին քաղաքականությունն իրենից ներկայացնում է վեկտորների գումար, որոնց թվում է ոչ միայն հայկական վեկտորը, այլև ադրբեջանականը։
«Երկար տարիների ընթացքում, լինելով և չլինելով Պետդումայի պատգամավոր, ես մշտապես խոսել և խոսում եմ Ռուսաստանի և Հայաստանի միջև հատուկ գերակայություն ունեցող հարաբերությունների օգտին։ Ես դրանում համոզված եմ և մտադիր չեմ փոխել իմ մոտեցումը։
Միգուցե հենց այդ պատճառով ես բոլորից լավ եմ պատկերացնում, թե Ռուսաստանի իմ ընդդիմախոսներն ինչ ջանքեր են գործադրում Մոսկվայի աջակցությունից Երևանին զրկելու համար։ Չեմ բացառում, հայկական ԶԼՄ-ներում աղմուկ հանած՝ ռազմական տեխնիկային մատակարարումն Ադրբեջանին ինչ-որ առումով ռուսաստանյան կողմի դիրքորոշման վերաիմաստավորման և ստեղծված հանգամանքներում հավասարակշիռ քաղաքականություն վարելու ցանկության արդյունք է։ Ավելացնեմ, որ ես այդ ամենի կողմնակիցը չեմ՝ հաշվի առնելով պատմական, աշխարհաքաղաքական, կրոնական, մշակութային և, վերջապես, ռազմաքաղաքական հանգամանքները։ Սակայն ստիպված եմ խոստովանել, որ Հայաստանում արհամարհական վերաբերմունքը եվրասիական ինտեգրացման պրոյեկտին վնասում է այն մեծ աշխատանքին, որն այդ երկրի բարեկամները և հայկական Սփյուռքն իրականացնում են Ռուսաստանում՝ մեր երկրների հարաբերություններն առավելագույնս սերտացնելու ուղղությամբ»,- ասել է Զատուլինը։
Թեման շարունակելով՝ Զատուլինը հիշեցրել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի՝ Լեհաստան կատարած այցի մասին, որի ընթացքում երկրի ղեկավարն անդրադարձել էր Եվրոպա-Եվրասիա ընտրության թեմային՝ ասելով. «Մենք աշխատում ենք ոչ թե «կամ-կամ», այլ՝ «և-և» սկզբունքով։ Այստեղ հակասություններ չեմ տեսնում»։ Սակայն այստեղ, ըստ քաղաքագետի, հարկավոր է ուշադրություն դարձնել Լեհաստանի նախագահի պատասխանին։ «Բրոնիսլավ Կոմորովսկին ի պատասխան՝ հայտարարեց, որ՝ ոչ, Հայաստանը չի կարող զուգահեռաբար շարժվել երկու ուղղություններով և պետք է ընտրություն կատարի։ Նա ընդգծեց երկրի՝ միաժամանակ երկու տնտեսական տարածքներում գտնվելու անհնարինությունը։ Լեհաստանի նախագահն անձամբ Հայաստանին կանգնեցրեց ընտրության առաջ»,- հիշեցրել է Զատուլինը՝ շեշտելով, խոսքը չի գնում եվրոպական կամ այլ արժեքների միջև ընտրության մասին։ «Մենք ժամանակին Կովկաս ենք եկել՝ որպես եվրոպական ժողովուրդ, որպես առաջադեմ քաղաքակրթության ներկայացուցիչներ։ Մեզ արգելելը՝ ներկայացնել Եվրոպան՝ պատմության այլասերում է։ Եվրամիությունն ամբողջ Եվրոպան չէ։ Պետք չէ այստեղ ընկնել էյֆորիայի մեջ և դատողություններ անել բարձր եվրոպական արժեքների մասին։ Հարկավոր է պրագմատիկ մոտեցում ցուցաբերել և հարցը դնել կշեռքի վրա։ Երբ ասում են, որ Հայաստանը Մաքսային միության հետ ընդհանուր սահմաններ չունի, և դա իբր խոչընդոտ է, իսկ ի՞նչ է՝ Հայաստանը Եվրամիության հետ ընդհանուր սահմաննե՞ր ունի»,- ասել է Զատուլինը։
Պատասխանելով այն հարցին, թե Ռուսաստանում ինչպե՞ս են վերաբերվում Հայաստանի մանևրներին Եվրամիության ուղղությամբ՝ Զատուլինը նշել է, որ Մոսկվայի մոտեցումները բավականին իրատեսական են։ «Կրկնում եմ, այստեղ խոսքը վերաբերում է քաղաքական և տնտեսական մրցակցությանը։ Նա, ով ընտրում է մրցակցի կողմը, գործ է ունենալու այդ ընտրության հետևանքների հետ։ Դա նշանակում է մինչ այդ ձևավորված որոշակի փոխհարաբերությունների կլիմայի փոփոխություն։ Թեպետ հնարավոր է՝ ինչ-որ մեկին թվում է, թե այդ հարաբերություններն այնքան արժեքավոր չեն, որպեսզի դրանք պահպանեն՝ չտրվելով «եվրաինտեգրացիայի գայթակղությանը»։ Կրկին վերադառնանք Հայաստանի օրինակին շատ նման Ուկրաինային։ Այսօր Կիևը բազում խնդիրներ ունի Մոսկվայի հետ, և դրանք լուծել կարող է միայն ռուսաստանյան կողմը։ Խնդիրները հնարավոր չէ հաշվել՝ բնական գազի գին, աշխատանքային միգրացիայի հարցեր, ավիաշինարարության ոլորտում համատեղ նախագծեր, նավաշինություն, բարձր տեխնոլոգիաներ, և այլն։ Այս բոլոր հարցերի ճակատագիրը կախված է Կիևի ընտրությունից։ Տրամաբանությունը հետևյալն է. եթե Ուկրաինան մեզ հետ գտնվում է միևնույն տնտեսական տարածքում, ինչի մասին մենք խոսել և պայմանավորվել ենք 10 տարի առաջ, ապա մենք նշված և մյուս ոլորտներում համագործակցությունը դիտարկում ենք նույնկերպ։ Իսկ եթե՝ ոչ, ապա մենք Ռուսաստանում ունենք բավարար թվով գործարարներ, ովքեր զբաղված են իրենց նախագծերի, գործարանների, տարբեր նշանակության արտադրական հզորությունների լոբբինգով։ Վերջիվերջո, ինչպե՞ս մենք կարող ենք հարաբերություններ զարգացնել մի երկրի հետ, որը վաղը կամ մյուս օրը կարող է ՆԱՏՕ-ին անդամակցելու հայտ ներկայացնել, ինչպես դա արդեն եղել է Յուշչենկոյի օրոք»,- ասել է նա՝ ավելացնելով, որ անհրաժեշտ է ծառերի ետևում տեսնել անտառը, այլ ոչ թե զբաղվել եվրոպական ընտրության մասին ճառելով։
Ինչ վերաբերում է Հայաստանին, Զատուլինը հիշեցրել է «փոքրիկ» խնդրի մասին՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության։ «Մի՞թե հայ հասարակության մեջ պատրանքներ կան, որ ԼՂ հարցում շատ որոշակի դիրքորոշում որդեգրած Եվրամիությունը հարաբերությունների մերձեցման որոշակի փուլում չի պահանջի Երևանից զիջումների գնալ։ Հայաստանում հույս ունեն, որ այդ հարցը կշրջանցե՞ն։ Մոլդովան՝ որպես վառ օրինակ և եզրակացությունների աղբյուր։ Այստեղ հարցը ներկայանում է հետևյալ կերպ՝ իսկ Երևանում պատրա՞ստ են զիջումների գնալ ԼՂ հակամարտության հարցում»,- ասել է փորձագետը։
ԱՊՀ երկրների ինստիտուտի տնօրենը զարմանք է հայտնել, որ հայկական կողմը շտապում է նախաստորագրել Ասոցացման համաձայնագիրն այնպիսի երկրների շարքում, ինչպիսիք են Մոլդովան և Ուկրաինան։ «Սկզբնական փուլում, ըստ ամենայնի, Հայաստանում պատկերացում կար, որ բարդ աշխարաքաղաքական վիճակում գտնվող, հարևանների հետ խնդիրներ ունեցող փոքր երկիրը պետք է հարաբերությունները զարգացնի բոլոր ուղղություններով, ցանկալի գործընկեր լինի բոլորի համար՝ Ռուսաստանի, ԱՄՆ-ի, Եվրամիության և այլոց։ Այդ ցանկությունը լիովին հասկանալի է։ Սակայն հետո, իմ կարծիքով, այդ ցանկությունը շոշափեց քաղաքական-տնտեսական մրակցության հարթությունը։ Զարմանում եմ՝ ինչպե՞ս հայերի նման իմաստուն ժողովուրդը, որոնց պատմությունը շատ բան է սովորեցրել, բաց է թողել այդ պահը՝ շտապելով Մոլդովայի և Ուկրաինայի հետ ստորագրել այդ փաստաթուղթը։ Եթե Մոլդովան ստորագրի այդ փաստաթուղթը, Ռուսաստանին դա կվշտացնի։ Եթե Հայաստանը ստորագրի, վշտացնելուց բացի, դա կառաջացնի նաև զարմանք։ Սակայն Մոսկվայի համար այս հարցում ամենակարևորն Ուկրաինան է՝ Ռուսաստանից հետո ԽՍՀՄ-ի երկրորդ ամենախոշոր բեկորը, որն իր այդ քայլով հիմք կդնի շատ հարցերով Ռուսաստանի հետ բազմամյա և լուրջ տարաձայնությունների համար։ Ուկրաինայի գործողությունների արդյունքում Մոսկվայի և Կիևի միջև հակամարտություն առաջացավ գազային ոլորտում, և որպես հետևանք՝ ՌԴ կառավարությունն ամեն ինչ արեց գազի հարցում Ուկրաինայից կախվածությունը վերացնելու համար։ Ուկրաինայի գազատրանսպորտային համակարգի ճակատագիրը, որը գազ է հասցնում յուրաքանչյուր դպրոց, հիվանդանոց կամ բնակարան, կախված է նրանից, թե այդտեղ ռուսական գազ կլինի՞ 2015, 2016, 2018 թվականներին։ Իսկ եթե հանկարծ պարզվի, որ Հարավային և Հյուսիսային հոսքերի առկայության պարագայում Ուկրաինան ընդհանրապես պետք չէ Ռուսաստանին՝ որպես տարանցման երկիր։ Մինչև 2015 թվականը Ռուսաստանը վերացնելու է առանց վիզայի ռեժիմը Եվրասիական միության անդամ չհանդիսացող երկրների քաղաքացիների համար. ի՞նչ են անելու այդ ժամանակ։ Այս և մյուս խնդիրները կծագեն՝ որպես հետևանք։ Իսկ Հայաստանը՝ Ուկրաինայի հետ միասին, պատրաստվում է այդ ամենի տակ ստորագրել։ Դրանից հետո Ռուսաստանը չի կարող ասել՝ Ուկրաինայի հետ առկա են այսպիսի խնդիրներ, իսկ Հայաստանին մենք այնքան շատ ենք սիրում, որ նրան կմոտենանք այլ դիրքերից։ Մենք չենք կարող տարբեր ստանդարտներ կիրառել։ Այս համատեքստում, այն ամենը, ինչ վերաբերում է Ուկրաինային, նույն չափով վերաբերում է նաև Հայաստանին»,- ասել է Զատուլինը։
Նույնը, ըստ փորձագետի, վերաբերում է նաև Եվրասիական միության, այսպես կոչված, «դիտորդի» կարգավիճակին, որը ենթադրում է համագործակցության ինչ-որ կիսատ տարբերակ։ «Ուկրաինան երկար ժամանակ փորձում էր այդ կարգավիճակը ստանալ Ռուսաստանից։ Չնայած նման կարգավիճակի անհնարինության մասին Մոսկվայի հայտարարություններին՝ ռուսական կողմը մասամբ վերանայեց իր մոտեցումները։ Դիտորդի կարգավիճակ կներդրվի, սակայն միայն այն երկրների համար, որոնք կողմնորոշվել են իրենց վերջնական նպատակի հարցում և որոշել են մտնել Եվրասիական միություն։ Իսկ եթե Ուկրաինան ցանկանում է դիտորդի կարգավիճակով թոզ փչել Ռուսաստանի, աշխարհի և հենց ինքն իր աչքերին, ոչ մի «դիտորդ» էլ չի ստանա»,- եզրափակել է Զատուլինը։

Տեսանյութեր

Լրահոս